Աշոցք համայնքի նախկին ղեկավարը Սիզավետում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը օրենքի խախտմամբ վարձակալության իրավունքով տրամադրել էր ֆիզիկական անձի

Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող՝ 5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձի:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2009 թվականի հուլիսի 24-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող՝ 4.73 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016 թվականի հունիսի 15-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, 5.9 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազության կողմից Աշոցք համայնքի գործող ղեկավարին միջնորդագիր է ներկայացվել՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված վարելահողերն Աշոցք համայնքի հողային բալանս վերադարձնելու և ֆիզիկական անձանց կողմից դրանց ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:

Միջնորդագրի արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment