ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Գորիս» ՔԿՀ և ոստիկանության Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) և Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։

Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև ձերբակալված անձի հետ։ Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, հոգեբանական աշխատանքի և վերասոցիալականացման գործընթացներին առնչվող, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան լուծումների առաջարկները կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment