Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը


2026 թվականի հուլիսի 9-ին և 10-ին Երևանի Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի և «Գիտության և տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամ»-ի համատեղ կազմակերպած «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։


Մրցույթի նպատակն էր աջակցել ռազմարդյունաբերական ոլորտի նորարարական մշակումներին՝ գաղափարի փուլից մինչև նախատիպի ստեղծում և պետական փորձարկումների իրականացում։


Երկօրյա ներկայացումների ընթացքում 26 մասնակից թիմեր մրցութային ժյուրիին ներկայացրել են իրենց նախագծերը, տեխնիկական լուծումները և դրանց կիրառման հնարավորությունները։


Ժուրիի գնահատմամբ՝ «Լավագույն գաղափար» անվանակարգում 10 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի արժանացել է «YerevaNN» թիմը՝ ցանկացած դիտանկյունից օդային պատկերների և արբանյակային քարտեզների համապատասխանեցման նախագծով։


«Ամենախոստումնալից մշակում» անվանակարգում 20 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի արժանացել է «YEA Engineering» թիմը՝ ԱԹՍ-ների ճնշման ՌԷՊ համակարգի նախագծով։


Մրցույթի ընդհանուր մրցանակային բյուջեն կազմել է 30 մլն ՀՀ դրամ։


Մրցույթին մասնակցել են ինչպես սկսնակ թիմեր, այնպես էլ գործող ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով նոր մշակվող արտադրանքներ և տեխնոլոգիական լուծումներ, որոնք գտնվում են նախնական կամ միջանկյալ պատրաստվածության փուլերում։


Նախաձեռնությունն ուղղված է ռազմարդյունաբերական ոլորտում նորարարական գաղափարների բացահայտմանը, հեռանկարային տեխնոլոգիական լուծումների զարգացմանը և դրանց պետական փորձարկումների փուլ հասցնելուն, ինչպես նաև հայրենական ռազմարդյունաբերական ներուժի զարգացմանը։

Դիտումների քանակ9

Leave a comment