ՏԵՂԱԿԱՆ
Սևանա լճի պահպանման 2027թ. ծրագրով նախատեսվում է 19 առանցքային միջոցառում
Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագիրը, որը ներառում է 19 միջոցառում։ Որպես բացարձակ առաջնահերթություն է սահմանվել լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը, ջրի մակարդակի էկոլոգիապես անհրաժեշտ բարձրացումն ու կեղտաջրերի մաքրման խնդիրը։ Նախագծով ամսական կտրվածքով կսահմանվեն ջրթողումների և անվերադարձ ջրառումների տարեկան առավելագույն չափաքանակները։
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. աշխատող ծնողների իրավունքները հստակեցվում են
Հուլիսի 10-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորմամբ աշխատող ծնողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել երեխայի խնամքի և կրթական հարցերով զբաղվելու համար։ Մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցողներին կտրամադրվի օրական մինչև 30 րոպե, 3 և ավելի երեխա ունեցողներին, ինչպես նաև հաշմանդամություն (ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում) ունեցող երեխաների ծնողներին՝ օրական մինչև 1 ժամ։
ՊԵԿ-ը ստվերի բացահայտման արդյունքում պետբյուջե կապահովի լրացուցիչ 225.6 մլն դրամ հարկ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է հունիս ամսվա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Ստվերային շրջանառության դեմ պայքարի շրջանակում 24 դեպքով ներկայացվել են ԱԱՀ-ի, շրջանառության, եկամտային և ակցիզային հարկերի ճշգրտված հաշվարկներ, ինչի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերի գումարն ավելացել է 225.6 միլիոն դրամով։
ԱՄՆ դեսպանություն. Ամերիկյան AECOM-ի մասնագետները Հայաստանում են՝ երկաթուղային նախագծի շուրջ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ Հայաստան է ժամանել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական «AECOM» ընկերության թիմը։ Ամերիկացի մասնագետները ՀՀ կառավարության գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել են ԹՐԻՓՓ-ի (TRIPP) տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կխթանի տարածաշրջանային ինտեգրումն ու տնտեսական աճը։
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցվող բեռների նոր ցուցանիշները
Հուլիսի 10-ի դրությամբ Ադրբեջանի երկաթուղային ցանցով տարանցիկ եղանակով ՌԴ-ից Հայաստան փոխադրվելու են պրոպան գազ և պարարտանյութեր։ Ըստ թարմ տվյալների՝ այս երթուղով արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզվառելիք, 4 հազար տոննայից ավելի բենզին, ինչպես նաև 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, ալյումին, հնդկացորեն և անտրացիտ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչություն. նավթի արդյունահանումը մինչև տարեվերջ կվերականգնվի
Չնայած այն հանգամանքին, որ Հորմուզի նեղուցով անցնող առանձին նավեր դեռևս ենթարկվում են հարձակումների, ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA) կանխատեսում է, որ համաշխարհային հում նավթի արդյունահանումը մինչև 2026 թվականի վերջը կվերադառնա նախապատերազմյան մակարդակին։ Զեկույցի համաձայն՝ շուկաներն աստիճանաբար հարմարվում են պատմության մեջ մատակարարման ամենախոշոր խափանումներին։
Գերմանիան առաջարկում է հատուկ հավելավճարով ֆինանսավորել գազի արտակարգ պահուստը
Գերմանիայի կառավարությունը մտադիր է էներգիայի սակագներին նոր հավելավճար ավելացնել՝ բնական գազի ռազմավարական պահուստի ձևավորման համար։ Իրանի շուրջ ռազմական հակամարտությունը ցույց տվեց Եվրոպայի խոցելիությունը, ինչի պատճառով Բեռլինը ծրագրում է ստեղծել 24 տերավատտ/ժամ ծավալով արտակարգ պահուստ, ինչը կազմում է երկրի գազապահեստների ընդհանուր տարողության մոտ 10%-ը։
Չինաստանը մինչև 2030թ. ծրագրում է էլեկտրամոբիլների մասնաբաժինը հասցնել 30%-ի
Պեկինը նպատակադրվել է մինչև 2030 թվականը ավելի քան կրկնապատկել էլեկտրական և հիբրիդային մեքենաների կշիռը երկրի ընդհանուր ավտոպարկում։ Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականի վերջի դրությամբ էլեկտրամոբիլների մասնաբաժինը Չինաստանում կազմել է 12%, և առաջիկա տարիներին պետական աջակցությամբ այն պետք է հասցվի 30%-ի։
Վրաստանում էլեկտրամոբիլների ներմուծումը կտրուկ աճել է, իսկ գները՝ նվազել
Վերջին ամիսներին Վրաստանում արձանագրվել է էլեկտրամոբիլների ներմուծման բում։ Միայն 2026 թվականի մարտին երկիր է ներմուծվել 1101 էլեկտրամոբիլ (16.350 մլն դոլար արժողությամբ), ինչը փետրվարի համեմատ 76.7% աճ է։ Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին ներկրվող մեկ մեքենայի միջին արժեքը նախորդ տարվա 17.3 հազար դոլարից նվազել է մինչև 14.8 հազար դոլար։