Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից

Քաղաքականություն

08.02.2026 | 22:09

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը աջակցել է երեխաների համար սոցիալական ցանցերին հասանելիությունը սահմանափակելու գաղափարին և հայտարարել, որ երկիրը պետք է հետևի Ֆրանսիայի օրինակին, որտեղ արդեն քննարկվում է համապատասխան արգելքը։ Այդ մասին նա հայտնել է Facebook-ում հրապարակված տեսաուղերձում։

«Ես կողմ եմ, որովհետև, ինչպես ասում են ինձ ծանոթ մասնագետները, դա չափազանց վնասակար է, և մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երեխաներին»,- ընդգծել է Բաբիշը։

Ավելի ուշ նախաձեռնությունը մեկնաբանել է փոխվարչապետ Կարել Հավլիչեկը։ Նրա խոսքով՝ իշխանությունները արդեն խորհրդակցություններ են վարում մասնագետների հետ և նախատեսում են արգելքի վերաբերյալ առաջարկը քննարկման ներկայացնել ընթացիկ տարվա ընթացքում․ «Չի կարելի ժամանակ կորցնել։ Սոցիալական ցանցերը քանդում են երեխաների կյանքը, դրանք իսկապես սկսում են վերածվել ժանտախտի»։

Հունվարի վերջին Ֆրանսիայի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծի, որը արգելում է սոցիալական ցանցերից օգտվել մինչև 15 տարեկան երեխաներին։ 2025 թվականին նման միջոցներ ուժի մեջ են մտել Ավստրալիայում, որտեղ սոցիալական ցանցերին հասանելիությունը փակվել է մինչև 16 տարեկան դեռահասների համար։ Փետրվարի սկզբին երեխաների՝ մինչև 16 տարեկանների համար նմանատիպ արգելք մտցնելու մտադրության մասին հայտարարել է նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Leave a comment