Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, իբր, կասեցվել է։
Մասնավորապես, իշխանամետ Oxu.az պարբերականը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը մտահոգություն է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այս քայլն անվանել է «պատմական իրադարձությունների քաղաքականացում» և իսրայելական կողմին կոչ է արել վերանայել իր որոշումը։
Ինչպես նշել է պարբերականը, Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները մնում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Այդ պատճառով Բաքվում ակնկալում էին, որ այս հարցում դիրքորոշումը կհամապատասխանի Անկարայի մոտեցմանը, որի համար Հայոց ցեղասպանության ճանաչման թեման առանձնահատուկ նշանակություն ունի։
Ըստ Oxu.az-ի վարկածի՝ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն Իսրայելում աննկատ չի մնացել։ Որոշ ժամանակ անց կառավարության որոշման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումը տարածվել է իսրայելցի փորձագետների, քաղաքական գործիչների և առաջատար լրատվամիջոցների շրջանում։ Ինչպես հավաստիացրել է ադրբեջանական պարբերականը, քննարկման բազմաթիվ մասնակիցներ եկել են այն եզրակացության, որ այս նախաձեռնությունը չի բխում Իսրայելի ազգային շահերից և կարող է բարդացնել հարաբերությունները նրա առանցքային տարածաշրջանային գործընկերների հետ։
Բացի այդ, ինչպես նշվել է, մի շարք փորձագետներ ադրբեջանական կողմի փաստարկները համոզիչ են համարել և հանդես եկել ընդունված որոշումը վերանայելու օգտին։
Oxu.az-ի տեղեկություններով՝ այս քննարկումներն ազդել են քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա։ Արդյունքում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է, իսկ դրա հետագա առաջխաղացումը կանգ է առել թե՛ կառավարության, թե՛ խորհրդարանի մակարդակով։
Ավելի վաղ ադրբեջանական մեկ այլ իշխանամետ պարբերական՝ haqqin.az-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, նույնպես հայտնել էր, որ Բաքվի հստակ և սկզբունքային դիրքորոշումը լայն արձագանք է ստացել իսրայելցի պաշտոնյաների շրջանում, որոնք պատասխանատու են երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Պարբերականի տվյալներով՝ համապատասխան դիրքորոշումն ադրբեջանցի պաշտոնյաներին փոխանցվել է նրանց իսրայելցի գործընկերների կողմից։
Ինչպես նշվել է, այս շփումների ընթացքում ընդգծվել է, որ Իսրայելի նախաձեռնությունը կրում է ծայրահեղ բացասական և ապակառուցողական բնույթ, երկրին ոչ մի օգուտ չի բերում և դրա իրագործման դեպքում կարող է վնաս հասցնել հարաբերություններին ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ։
«Ձեռնարկված միջոցների արդյունքում նախաձեռնությունը հաջողվել է արգելակել։ Բացի այդ, կանխվել է գործընթացի ցանկացած հետագա զարգացում Իսրայելի կառավարության և խորհրդարանի մակարդակով՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական ոլորտներում», — նշել է ադրբեջանական լրատվամիջոցը։
News.am