ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, միջոցառումներն իրականացվել են հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ։

ՊԵԿ-ի տվյալներով՝ 25 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու՝ ընդհանուր 12.5 մլն դրամի ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր՝ ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտմամբ։ Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 26.5 մլն դրամ։

Եվս 25 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106.7 մլն դրամ, իսկ հնարավոր տուգանքի գումարը՝ 68.5 մլն դրամ։

10 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու, ինչպես նաև առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմել է 39.9 մլն դրամ։

Ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 24 դեպքով ներկայացվել են ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի և ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ։ Ճշգրտված հարկային հաշվարկներով իրացման շրջանառությունը բարձրացվել է 1.4 մլն դրամի չափով, ինչի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 225.6 մլն դրամ հարկի գումար։

Հարկային իրավախախտումների կանխման շրջանակում ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 729 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր։ Դրանցով ինվոյսային արժեքը բարձրացվել է 888.9 մլն դրամով, իսկ բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կազմել է 177.8 մլն դրամ։

Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 7 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ։ Դրանցից 3 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 36 մլն դրամով, ինչի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 6.4 մլն դրամ շահութահարկ։ Եվս 4 դեպքով ծախսերը կամ վնասը նվազեցվել են 173.6 մլն դրամով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 3.2 մլն դրամ շահութահարկ։

Ընդհանուր առմամբ, նշված 7 դեպքով բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը կազմել է 9.6 մլն դրամ։

 

Leave a comment