Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության պետական լիազոր
մարմինների, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի, Երևանի կենդանաբանական այգու
(Այգի) պատասխանատու պաշտոնատար անձանց և իրավապահ մարմինների գործողությունները,
որոնք իրականացվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ
Ծառուկյանին պատկանող հազվագյուտ ցեղատեսակի առյուծների և այլ վայրի կենդանիների
(կենդանիներ) տեղափոխման ընթացքում։
Հանրային տիրույթում առկա տեղեկությունների համաձայն՝ կենդանիների հարկադրական
տեղափոխման որոշումն իրականացվել է հապճեպ՝ առանց նախնական անասնաբուժական
զննության, անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների և մասնագիտական եզրակացության,
որոնք պարտադիր նշանակություն ունեին կենդանիների առողջական վիճակի նախնական
գնահատման, տեղափոխման ռիսկերի կանխատեսման և ընդհանուր անզգայացման
անվտանգության ապահովման համար։
Անընդունելի է, եթե կենդանու առողջական խնդիրների մասին հայտնի է դարձել միայն նրա
անկումից հետո, այլ ոչ թե նախապես իրականացված պատշաճ զննության արդյունքում։ Սա
պետության՝ իշխանությունների պոզիտիվ պարտավորություն էր այս գործընթացը պատշաճ
իրականացնելու և ապահովելու համար։
Տեղական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերն ու
տեղեկությունները հանրության մտահոգ քաղաքացիների և բնապահպանական ոլորտի
մասնագետների շրջանում լուրջ մտահոգություններ և հարցեր են առաջացրել կենդանիների
նկատմամբ իրականացված գործողությունների իրավաչափության, համաչափության և
մասնագիտական հիմնավորվածության վերաբերյալ։
Եթե պետական մարմինների կողմից իրականացված միջամտության ընթացքում չեն պահպանվել
ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ընթացակարգերը, խախտվել են
համաչափության սկզբունքը, չեն ապահովվել կենդանիների անզգայացման կարգի պահանջները,
ինչպես նաև բացակայում են անհրաժեշտ մասնագիտական եզրակացություններն ու
երաշխիքները, ապա նման գործողությունները կարող են հակասել իրավական պետության
հիմնարար սկզբունքների, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքների և
իրավաչափ վարչարարության պահանջներին, ինչպես նաև՝ կասկածի տակ դնել լիազոր
մարմինների գործողությունները։
ՀՀ պետական մարմինների յուրաքանչյուր գործողություն պետք է հիմնված լինի ոչ միայն օրենքով
լիազորված լինելու, այլ նաև մասնագիտական հիմնավորվածության, անհրաժեշտության և
համաչափության վրա։ Հակառակ դեպքում, ցանկացած միջամտություն, որքան էլ այն ներկայացվի
որպես օրենքի լույսի ներքո, կարող է առաջացնել հարցեր դրա հիմնավորվածության,
անհրաժեշտության, համաչափության և նպատակահարմարության վերաբերյալ։
Զարմանալի է, որ պետական մարմինների գործողությունների արդյունքում են առյուծները
ենթարկվել անհարկի սթրեսի, առողջության և կյանքի վտանգավոր իրավիճակում։ Հայաստանի
Հանրապետության պետական կառույցները, այդ թվում՝ իրավապահ մարմիններն ու Այգու
պատասխանատու պաշտոնատար անձինք, չէին կարող իրենց լիազորություններն իրականացնել
ուժի ցուցադրության և այլ ցուցադրական գործողությունների ներքո կամ ցուցաբերել այնպիսի
գործելակերպ, որը հասարակության մոտ կարծիք կձևավորեր, որ այդ միջամտությունը եղել է
քաղաքական շարժառիթներով պայմանավորված։ Այսօր հանրության լայն զանգվածի մոտ
ձևավորվել է այդպիսի ընկալում, որ այդ կենդանիները դարձել են քաղաքական գործընթացի կամ
հակադրության անուղղակի զոհ։ Ցավոք, մենք արձանագրում ենք այդ փաստը, որ մեր
իրականության մեջ Սառա անունով հազվագյուտ ցեղատեսակի առյուծը դարձավ այդ անուղղակի
զոհը։
Պետական իշխանության իրական ուժը չի դրսևորվում նրանով, թե ում նկատմամբ է այն
կիրառվում, այլ նրանով, թե որքան հավասար, օրինական, համաչափ և պատասխանատու է այն
կիրառվում յուրաքանչյուրի նկատմամբ՝ անկախ անձից, հասարակական դիրքից կամ
քաղաքական հայացքներից։
Պետության հեղինակությունը ձևավորվում է ոչ թե ուժի ցուցադրությամբ, այլ յուրաքանչյուր
գործողության իրավական հիմնավորվածությամբ, թափանցիկությամբ և
հաշվետվողականությամբ։ Երբ այդ սկզբունքները չեն պահպանվում կամ դրանց պահպանման
վերաբերյալ առաջանում են հիմնավոր կասկածներ, վնասվում է ոչ միայն տվյալ գործընթացի
նկատմամբ վստահությունը, այլև իրավական պետության հեղինակությունը։ Հանրությունը
լիարժեք իրավունք ունի պահանջելու պարզաբանումներ և պատասխաններ այն հարցերի
վերաբերյալ, որոնք առնչվում են պետական մարմինների գործողությունների իրավաչափությանը,
մասնագիտական հիմնավորվածությանը և պատասխանատվությանը։
Ցանկացած վարչական կամ քննչական գործողություն պետք է հիմնված լինի օրենքի
գերակայության, իրավաչափության, անհրաժեշտության, համաչափության և մասնագիտական
պատասխանատվության սկզբունքների վրա։ Այս պահանջները վերաբերում են ոչ միայն մարդու
իրավունքների պաշտպանությանը, այլև կենդանիների նկատմամբ պետության
պարտավորություններին, քանի որ քաղաքակիրթ հասարակությունում կենդանիների նկատմամբ
մարդասիրական վերաբերմունքը ևս իրավական պետության կարևոր չափանիշներից մեկն է։ Իսկ
սույն դեպքում, անկախ նրանից, թե այդ կենդանին որտեղ է գտնվում կամ ում է պատկանում, նրա
տեղափոխման ընթացքում ընդհանուր անզգայացման գործընթացը պետք է հիմնված լիներ
բացառապես մասնագիտական գիտելիքների, անասնաբուժական և անվտանգության կանոնների
պահպանման վրա։
Պետությունը պարտավոր է ապահովել, որպեսզի վայրի կենդանիների նկատմամբ իրականացվող
ցանկացած միջամտություն կատարվի բացառապես մասնագիտական չափանիշներին
համապատասխան, նվազագույնի հասցվեն կենդանիների կյանքի և առողջության համար բոլոր
հնարավոր ռիսկերը, իսկ յուրաքանչյուր որոշում հիմնված լինի մասնագիտական
եզրակացությունների, այլ ոչ թե հապճեպ կամ չհիմնավորված գործողությունների վրա։
Օրենքի գերակայությունը չի չափվում նրանով, թե որքան արագ է պետությունը միջամտում կամ
արձագանքում, այլ նրանով, թե որքան իրավաչափ, մասնագիտական և պատասխանատու է այդ
միջամտությունը կամ արձագանքը։ Սույն դեպքում պետական լիազորությունը և վարչական
որոշումը երբեք չեն կարող փոխարինել մասնագիտական եզրակացությանը և գերակայել կենդանու
կյանքի, առողջության ու բարեկեցության նկատմամբ։
Եթե պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով է վայրի
կենդանիներին պատճառվել վնաս կամ վտանգվել նրանց կյանքը՝ հասցնելով անկման, ապա այդ
հանգամանքները ենթակա են լիարժեք, անկախ, բազմակողմանի և թափանցիկ քննության՝
պարզելու բոլոր պատասխանատու անձանց գործողությունների իրավաչափությունն ու
մասնագիտական հապճեպ կայացված որոշումների խիստ անհրաժեշտությունը։
Ավելորդ չենք համարում հիշատակել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է
հյուրընկալել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը
(COP 17)՝ համաշխարհային նշանակության բնապահպանական միջոցառում, որի ընթացքում մեր
երկիրը լինելու է միջազգային ուշադրության կենտրոնում։ Այդ հանգամանքը Հայաստանի
պետական մարմինների վրա դնում է առավել բարձր պատասխանատվություն՝ իրենց ամենօրյա
գործունեությամբ ապացուցելու, որ մեր երկրում հարգվում են օրենքները, պահպանվում են
իրավաչափության սկզբունքները, ինչպես նաև ապահովվում են կենդանիների բարեկեցության
սկզբունքները և պահպանվում են բնապահպանական արժեքները։
Անընդունելի է, երբ միջազգային հարթակներում Հայաստանը ներկայանում է որպես
կենսաբազմազանության և վայրի բնության պահպանության արժեքների կրող, իսկ երկրի ներսում
ձևավորվում են հիմնավոր կասկածներ կամ հարցեր պետական մարմինների գործողությունների
մասնագիտական և իրավական հիմնավորվածության վերաբերյալ։ Նման հակասությունները ոչ
միայն վնասում են առանձին գործընթացների նկատմամբ վստահությանը, այլև կարող են
բացասաբար անդրադառնալ նաև Հայաստանի միջազգային հեղինակության վրա։
Բնության և կենդանական աշխարհի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սկսվում է ոչ
թե միջազգային համաժողովների ամբիոններից, այլ պետական յուրաքանչյուր որոշումից,
յուրաքանչյուր պաշտոնատար անձի մասնագիտական պատասխանատվությունից և օրենքի
նկատմամբ անվերապահ հարգանքից, իսկ դրանց նկատմամբ վերաբերմունքը հասարակության և
պետության իրավական ու բարոյական մշակույթի կարևորագույն չափանիշներից մեկն է։
Պետությունը, որն ակնկալում է հանրության վստահությունը, առաջին հերթին պարտավոր է
սեփական գործողություններով ապացուցել, որ օրենքը, մասնագիտական
պատասխանատվությունը և մարդասիրությունը վեր են ցանկացած այլ նկատառումից կամ
քաղաքական գործընթացներից։
Հետևաբար, ակնկալում ենք, որ բարձրացված բոլոր հարցերը կստանան իրավական,
մասնագիտական և հանրային վստահություն ներշնչող պատասխաններ, իսկ անհրաժեշտության
դեպքում պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն անձինք, որոնց գործողությունները կամ
անգործությունը կհաստատվեն որպես օրենքի կոպիտ խախտում։
Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,
օրենքի գերակայության, իրավաչափ վարչարարության, մասնագիտական
պատասխանատվության և հանրային հաշվետվողականության սկզբունքներով՝ պահանջում ենք.
1. Հրապարակել իրականացված գործողությունների ամբողջական իրավական հիմքերը,
վարչական ակտերը, հանձնարարականները և այն բոլոր փաստաթղթերը, որոնց հիման
վրա ընդունվել է վայրի կենդանիների տեղափոխման, ընդհանուր անզգայացման և հետագա
պահպանության վերաբերյալ որոշումը։
2. Հրապարակել կենդանիների տեղափոխման ընթացքում և դրանից առաջ կազմված բոլոր
անասնաբուժական փաստաթղթերը, մասնագիտական եզրակացությունները, լաբորատոր
հետազոտությունների արդյունքները (առկայության դեպքում), ինչպես նաև այն
փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է կիրառել ընդհանուր անզգայացում։
3. Ապահովել անկախ, բազմակողմանի, օբյեկտիվ և թափանցիկ քննություն՝ պարզելու, թե
արդյոք պետական մարմինների և ներգրավված պաշտոնատար անձանց
գործողություններում առկա են եղել լիազորությունների հնարավոր չարաշահման,
մասնագիտական անփութության, օրենքով սահմանված ընթացակարգերի խախտման կամ
այլ իրավախախտումների հատկանիշներ։
4. Պարզել, թե արդյոք վայրի կենդանիների նկատմամբ իրականացված գործողությունների
ընթացքում պահպանվե՞լ են գործող անասնաբուժական կանոնները, կենդանիների
բարեկեցության ապահովման միջազգային ընդունված չափանիշները և անվտանգության
բոլոր պարտադիր պահանջները։
5. Հրապարակային ներկայացնել քննության արդյունքները և դրանց հիման վրա կայացված
որոշումները՝ ապահովելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը և պետական
մարմինների հաշվետվողականությունը։
6. Պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնց
գործողությունների կամ անգործության հետևանքով, քննությամբ հաստատվելու դեպքում,
խախտվել են օրենքի պահանջները, մասնագիտական պարտականությունները, որի
արդյունքում վտանգվել է կենդանու կյանքը։
7. Ապահովել մյուս կենդանիների կյանքի, առողջության և բարեկեցության լիարժեք
պաշտպանությունը Այգում՝ բացառելով նրանց նկատմամբ որևէ գործողություն, որը չի
բխում մասնագիտական անհրաժեշտությունից կամ կարող է վտանգել նրանց բնականոն
վիճակը։
8. Ստեղծել անկախ մասնագիտական հանձնաժողով՝ անասնաբուժության,
կենդանաբանության և իրավունքի ոլորտների մասնագետների մասնակցությամբ՝
իրականացված գործողություններին համապարփակ մասնագիտական գնահատական
տալու և հետագայում նման դեպքերում կիրառման ենթակա միասնական ընթացակարգեր
մշակելու նպատակով։
«Էկոլոգիական հասարակական միություն»
«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»
ՀԿ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: