Գերմանիայում հրատարակվող թուրքական nex24.news-ը հուլիսի 1-ին վերնագրում է՝ «Փաշինյանը դատապարտում է Իսրայելի ցեղասպանության որոշումը», իսկ ենթավերնագրում մեկնաբանում՝ «զարմանալի շրջադարձ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննադատում է Իսրայելի ճանաչումը՝ այն քաղաքական զենք համարելով: (Փաշինյանը հունիսի 29-ին ճեպազրույցում «Ազատության» թղթակցի հարցին ի պատասխան բառացի ասել է՝ «Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»- Ան. Հ.):
«Հայաստանի կառավարության կիրակի օրվա լռությունից հետո երկուշաբթի ՀՀ վարչապետը լրագրողների համար անակնկալ հստակ ձեւակերպեց՝ Երուսաղեմի որոշումը ողջունելու փոխարեն նա Իսրայելի նախաձեռնությունը մերժեց», գրում է վերոնշյալ կայքը:
«All Israel News»-ը հուլիսի 1-ին «Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը չի նշում» վերնագրյալ ծավալուն մեկնաբանության մեջ փորձում է ընկալելի դարձնել ՀՀ վարչապետի ձեւակերպումից հետո ԱԳՆ-ի արձագանքի բացակայությունը նաեւ: J. Micah Hancock-ի հեղինակած ծավալուն հոդվածի վերջաբանում այսպես է գրված. «Եթե Իսրայելն ուզում է համոզել Հայաստանին, թե ճանաչումը պարզապես քաղաքական թատրոն չէ, ապա նա պետք է հարցի հանդեպ նույն հարգանքը տածի, ինչը պահանջում է Հոլոքոսթի հիշատակի հանդեպ»:
… «All Israel News»-ի մեկնաբանը նշում է, որ «հայ քաղաքական գործիչներից շատերը Իսրայելի կառավարության ճանաչումը դիտարկում են իսրայելա-թուրքական հակամարտության խորապատկերում: Իսրայելի ճանաչումը նախորդեց Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որ Թուրքիային խոստանում էր ԱՄՆ-ի F-35-ի տրամադրում: Իսկ վերընտրված վարչապետ Փաշինյանը գլխավորում է մի շարժում, որը 1915-ի Ցեղասպանության պահանջից հեռանալով՝ կենտրոնանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղության եւ ինտեգրման վրա՝ այն դիտարկելով Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու ջանքերի մի մաս», գրում է Հենքոքը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: