Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց

Բաժանորդագրվել

Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Պաշտպանական կողմը կբողոքարկի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանուկյանը ձերբակալվել է ու ՔԿ է տեղափոխվել քրեական վարույթի շրջանակում։ Նա կասկածվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։

«Դատարանի որոշումն անպայման բողոքարկելու ենք։ Օգտագործելու ենք քրեադատավարական ողջ գործիքակազմը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տիրայր Կարապետյանը։

Հիշեցնենք` իրավապահները Արեգնազ Մանուկյանի տուն էին մտել նաև հունիսի 12-ի վաղ առավոտյան, ապա նրան հրավիրել էին հարցաքննության։

ՔԿ-ից հայտնել էին, որ քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ ձերբակալվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Leave a comment