Պուտինը, հավանաբար, կընտրի Ուկրաինայում պատերազմի էսկալացիան՝ չնայած Թրամփի կողմից հնչող հրադադարի կոչերին․ Reuters

Քաղաքականություն

09.07.2026 | 19:21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժում է Կիևի հետ խաղաղության բանակցությունների կոչերը, իսկ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վերջին հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին ամրապնդել են նրա վճռականությունը՝ առայժմ շարունակել ռազմական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրանցից երկուսը նշել են, որ Պուտինը, հավանաբար, կսրի հակամարտությունը: Գործակալության աղբյուրներից մեկը գնահատել է առաջիկա ամիսներին սրման «մեծ հավանականությունը»:

Reuters-ի կողմից մեջբերված աղբյուրներից մեկի խոսքով՝ Պուտինը պնդում է, որ ձգտում է հասնել Դոնբասի մնացած մասը գրավելու իր հիմնական նպատակին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը վերջերս նկատողություն է արել խորհրդականների մի խմբի, որոնք առաջարկել են համաձայնվել ներկայիս առաջնագծի երկայնքով հրադադարի։ Երկրորդ աղբյուրը նշել է՝ Պուտինը կարծում է, որ Ռուսաստանը շուտով կգրավի Դոնբասը:

Որոշ արևմտյան ռազմական վերլուծաբաններ կարծում են, որ Դոնբասը գրավելու նպատակին հասնելու համար Ռուսաստանը պետք է պարտադիր զորակոչ հայտարարի։ Նման զորակոչը քաղաքականապես ոչ ժողովրդական միջոց է, որին Պուտինը դժկամությամբ է գնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment