«Քրեական դատարանը դեռ մտածում է՝ վարույթ ընդունի, թե ոչ». Արթուր Օսիպյանը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ հայցի մասին

Մայիսի 18-ին քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հետո կալանավայրում հայտնված եւ այնտեղ հացադուլ հայտարարած Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն ուղիղ եթերում ասել է. «Քանի որ հացադուլից հետո արդեն կարգի եմ բերել առողջական վիճակս, ներկայացնեմ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենալու՝ կապված քրեական գործի հետ։ Նախկինում արդեն ներկայացրել եմ, որ դիմել եմ դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրել զրպարտանքների համար և հերքել այն կեղծ տեղեկությունները, որը տարածել է իմ վերաբերյալ։ Քրեական դատարանը դեռ մտածում է՝ վարույթ ընդունի, թե ոչ։ Վարույթ չընդունելու որևէ օրինական պատճառ չունի։ Տեսնենք, թե ինչ որոշում է կայացնում, և ըստ դրա կանենք մեր քայլերը։

Ինչ վերաբերում է քրեական գործին, շատերին թվում է, թե ազատ են արձակել քրեակատարողական հիմնարկից եւ գործն էլ դրա հետ մեկտեղ կարճել են։ Բայց քրեական գործը դեռ ընթացքի մեջ է, գործը փոխանցել են դատարան եւ դատական պրոցես պետք է տեղի ունենա։ Բոլոր իրավաբանները, իրավաբանական կազմակերպությունները թե՛ Հայաստանում գործող, թե՛ արտասահմանյան, բոլորը միանշանակ պնդել են, որ իմ կողմից որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել։ Ինչ որ կատարվել է, ամբողջը նկարահանված է եւ տեսանելի է բոլորին։

Մայիսի 18-ին, այդ բանավեճի ժամանակ ներկայացրել եմ այնպիսի փաստեր, որոնք մերկացնում են Նիկոլ Փաշինյանի և ընդդիմության վարած քաղաքականությունը»,-ասել է Արթուր Օսիպյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment