ԱՄՆ առևտրի նախարարությունը 2027 թվականից արգելել է շվեդական Polestar մակնիշի ավտոմեքենաների վաճառքը, որը պատկանում է չինական Geely կոնցեռնին։ Սահմանափակումը գործում է անկախ այն հանգամանքից, թե որտեղ են արտադրվել մեքենաները։
ԱՄՆ նախագահի վարչակազմը, որը նախկինում հայտարարել էր ամերիկյան շուկա չինական ավտոարտադրողներին թույլատրելու պատրաստակամության մասին, փոխել է իր մոտեցումը։ Արգելքը պայմանավորված է նրանով, որ Polestar-ի վերահսկիչ բաժնեմասը պատկանում է չինական Geely հոլդինգին։ Միևնույն ժամանակ Geely-ի հետ կապված մեկ այլ բրենդ՝ Volvo-ն, ստացել է թույլտվություն իր ավտոմեքենաները ԱՄՆ-ում վաճառելու մինչև 2026 թվականի մայիսը։
Polestar-ի ղեկավարությունը որոշել է չբողոքարկել սահմանված արգելքը։ Ընկերությունում նշել են, որ Հյուսիսային Ամերիկայի շուկան իրենց համար եկամուտների հիմնական աղբյուրը չէ։ Polestar-ի վաճառքների շուրջ 80%-ը բաժին է ընկնում Եվրոպային։
Մասնագետների գնահատմամբ՝ նոր սահմանափակումների տակ կարող են հայտնվել նաև այլ չինական ավտոբրենդներ, այդ թվում՝ Lotus-ը, BYD-ն, Zeekr-ը, NIO-ն և XPeng-ը։ Նրանց մոդելներում կիրառվում են չինական տեխնոլոգիաներ, ինչը դրանք խոցելի է դարձնում նոր սահմանափակումների պայմաններում։
«Չինական արմատներ» ունեցող ավտոմեքենաների արգելքի դրույթը կարող է ազդել նաև ամերիկյան Lincoln և Buick ապրանքանիշերի վրա, որոնց որոշ մոդելներ հավաքվում են Չինաստանում, այնուհետև ներմուծվում ԱՄՆ։
Սպիտակ տանը պարզաբանել են, որ այս դրույթը մշակվում է «փոքր ավտոարտադրողների» համար և կկիրառվի «բացառիկ դեպքերում»։ Սակայն փորձագետները կասկածի տակ են դրել նման մոտեցման օբյեկտիվությունն ու արդարացիությունը՝ նշելով, որ Lincoln-ը և Buick-ը խոշոր ավտոարտադրողներ են, և սահմանափակումներից նրանց հնարավոր բացառումը կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։