Փաշինյան․ Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Սահմանադրության փոփոխության հարցը ներառված է իրենց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։

«Ժողովուրդը քվեարկել է, 726 հազար մարդ քվեարկել է դրա օգտին, այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը թույլ չի տալիս Սահմանադրությունում փոփոխություններ կատարել բացառապես ներխորհրդարանական մեխանիզմների օգնությամբ (իշխող ուժը ստացել է մանդատների 2/3-ից պակաս մասը. խմբ.)»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ նոր Սահմանադրությունը պետք է հրապարակվեր մարտին, սակայն մինչ օրս տեքստը չկա, Փաշինյանն արձագանքեց` այն գրեթե պատրաստ է։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները տեքստի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել, սակայն կուսակցությունում որոշել են դրանք չքննարկել նախընտրական շտապողականության մեջ։ Որոշվել էր այդ քննարկումները հետաձգել հետընտրական շրջան»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Նա պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։

Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:

ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին, որում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։

Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով․ առաջին անգամ հանրաքվեով փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին, երկրորդ անգամ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

Sputnik Արմենիա

Leave a comment