Իտալիան արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի. նրանց կասկածում են լրտեսության մեջ

Քաղաքականություն

09.07.2026 | 16:16

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է երկու ռուս ռազմական կցորդների արտաքսման մասին։ X սոցիալական ցանցում նախարարը նրանց անունները ներկայացրել է որպես Իվան Գորբաչով և Միխայիլ Աստախով, գրում է Current time-ը։

Պաշտոնյան հավելել է, որ նրանք պետք է լքեն Հռոմը երեք օրվա ընթացքում։

Իտալիայի իշխանությունները կարծում են, որ Գորբաչովն ու Աստախովը ներգրավված են Հռոմի դատախազության կողմից հետաքննության ընթացքում բացահայտված լրտեսական գործունեության մեջ։

«Մոսկվան շարունակում է օգտագործել իր հիբրիդային միջոցները՝ Արևմուտքի և Իտալիայի վրա հարձակվելու համար։ Սա լուրջ և անընդունելի միջամտություն է իտալական ինստիտուտների գործերին ու սպառնալիք ազգային անվտանգությանը»,- հայտարարել է Տայանին։

Չի նշվում, թե կոնկրետ ինչ գործունեության հետ կցորդները կապ ունեն։ Ամենայն հավանականությամբ, իտալական իշխանությունների այս որոշումը կապված է վերջերս ռուսական հետախուզությանը գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալության հետ։

Գործի գլխավոր կասկածյալը իտալական հետախուզության 59-ամյա նախկին աշխատակից է։ Քննությունը կարծում է, որ նա գումարի դիմաց տեղեկատվություն է փոխանցել Իտալիայում դիվանագիտական ​​քողի տակ գործող կասկածյալ ռուս հատուկ ծառայությունների գործակալին։ Նա տեղեկություններ է հավաքել վեց աղբյուրներից բաղկացած ցանցի միջոցով, այդ թվում՝ չորս գործող զինվորականների, որոնք զբաղեցրել են խիստ գաղտնի պաշտոններ: Նրանք բոլորն անցնում են այս գործով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment