Իրանի հետ հաստատված հրադադարի ռեժիմը «առնվազն ժամանակավորապես դադարել է գործել»։ Այդ մասին CNN-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ ընդգծելով, որ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ անկայուն։
Աղբյուրի խոսքով՝ չի բացառվում նաև Իրանի դեմ նոր հարվածների իրականացումը՝ կախված իրադարձությունների հետագա զարգացումից։
Նրա փոխանցմամբ՝ վերջին հարվածներն ուղղված են եղել հրթիռներին, անօդաչու թռչող սարքերին և այլ ռազմական օբյեկտներին, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել ԱՄՆ զինված ուժերի, այդ թվում՝ ավիակիրների համար։ Թիրախավորվել են նաև Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող ռազմական օբյեկտները, որոնք, ըստ պաշտոնյայի, կարող էին վտանգել միջազգային առևտրային նավագնացությունը։
Գործողությանը մասնակցել են ինչպես ԱՄՆ ռազմածովային ուժերը, այնպես էլ ցամաքային ստորաբաժանումները։
Աղբյուրը նշել է, որ հետագա հարձակողական գործողությունները մնում են հնարավոր՝ կախված տարածաշրջանում ստեղծվող իրավիճակի զարգացումից։