ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետն առաջատար մասնագետի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար պահանջել և ստացել են կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Նորք Նորք վարչական շրջանի թաղամասերից մեկում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում 2009 թվականին առանց համապատասխան թույլտվության կառուցված և 2022 թվականի դեկտեմբերի 28-ին որպես ինքնակամ կառույց հաշվառված շինությունը չապամոնտաժելու, ինքնակամ հողազավթման և շինարարության հետևանքներն ամբողջությամբ չվերացնելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար բաժնի պետն ու առաջատար մասնագետն այլ անձի օժանդակությամբ ինքնակամ շինություն կառուցած քաղաքացուց պահանջել և ստացել են 150․000 ՀՀ դրամ գումար կաշառք։
Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, մեղադրանքներ են ներկայացվել ևս 2 քաղաքացիների:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացույթամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: