Աշխատակիցները երեկ փորձել են կոկորդիլոսներին ևս տեղափոխել Կենդանաբանական այգի։
Թերթի տեղեկություններով՝ երեկ քննիչները, փրկարար ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, գնացել են Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսներին ևս Կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակով։
«Գիշատիչներից մեկը, «չհանդուրժելով» ստեղծված իրավիճակը, փորձել է «հոշոտել» իրեն մոտեցած ԱԻՆ աշխատակիցներից մեկին, սակայն ԱԻՆ-ականը պլստացել է կենդանու ճանկերից․ կոկորդիլոսը հասցրել է կծել նրան, վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- գրել է թերթը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունից հետո քնեցրել և Կենդանաբանական այգի էին տեղափոխել նրա 3 առյուծներին և 4 վագրերին։ Առյուծներից մեկը քնեցնելուց հետո չէր արթնացել, ըստ Կենդանաբանական այգու՝ եղել է տարիքով մեծ և ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ։
Հավելենք, որ խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեղադրանքից բացի Ծառուկյանին վերաբերող ևս մեկ վարույթ կա՝ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու հոդածի հատկանիշներով: