Վահան Կոստանյանը Լիբանանում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել բարեկամ երկրին

Քաղաքականություն

09.07.2026 | 10:52

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուքեյրի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, իսկ հայկական կողմը վերահաստատել է Լիբանանին շարունակական աջակցություն ցուցաբերելու հանձնառությունը՝ ընդգծելով նաև նախագահների աշխատակազմերի միջև համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման կարևորությունը։

«Հուլիսի 8-ին Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուքեյրի հետ։

Հանդիպման ընթացքում Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման համար։

Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկ բարեկամական հարաբերությունները՝ Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել բարեկամ Լիբանանին՝ նպաստելով երկրում առկա մարդասիրական իրավաիճակի մեղմացմանը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Լիբանանի նախագահների աշխատակազմերի միջև համագործակցության զարգացմանը՝ ընդգծելով այդ համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման և անհրաժեշտ իրավապայմանագրային հիմքերի ձևավորման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment