Երևանը ձգտում է միանալ պատմությունը վերաշարադրելու միտմանը․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանի ազգային պաշտպանության հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում Արծրուն Հովհաննիսյանի նշանակման վերաբերյալ լրատվամիջոցների հարցին։
Հարց․ Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը, որը նախկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաբերյալ միանշանակ չընդունված հայտարարություններով էր հանդես եկել, Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակվել է Հայաստանի ազգային պաշտպանության հետազոտական համալսարանի ղեկավար։ Ինչպե՞ս եք գնահատում դա։
Պատասխան․ «Ուշադրություն ենք դարձրել Ա.Կ. Հովհաննիսյանի նոր պաշտոնում նշանակմանը։ Անցած տարի նա հիշվեց սադրիչ հայտարարություններով, որոնք հնչեցրել էր հայկական հեռուստատեսությամբ մայիսի 9-ին՝ Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձի օրը։
Մասնավորապես, նա փաստացի ափսոսանք էր հայտնել 1943 թվականին Ստալինգրադի ճակատամարտում վերմախտի զորքերի պարտության կապակցությամբ, ինչպես նաև պնդել էր, որ նացիստական Գերմանիայի պարտությունը խոչընդոտել է Հիտլերի՝ իբր անկախ «Մեծ Հայաստանի» ստեղծման ծրագրերի իրականացմանը։
Անցած տարվա մայիսին Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված հրապարակված բաց նամակում, ինչպես նաև բարձր մակարդակի շփումների ընթացքում հայկական կողմին ընդգծել ենք մեր ընդհանուր Հաղթանակի հիշատակի նմանօրինակ պղծման բացարձակ անթույլատրելիությունը։
Ի պատասխան՝ մեզ հայտարարվեց, որ դա, իբր, «անձնական կարծիք» է, որը չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի պետական մարմինները հրապարակային դաշտում որևէ կերպ չարձագանքեցին այդ աղմկահարույց հայտարարություններին։
Իսկ Հովհաննիսյանի նշանակումն ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնում ստիպում է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների շրջանում նման «կարծիքն» այժմ արդեն հարգի է։
Կարծես թե Երևանը, ձգտելով դեպի «լուսավորյալ» Եվրոպա, միաժամանակ պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ Արևմուտքի համար անհարմար պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը։
Եվրոպայում ներկայումս բազմաթիվ բարձր պաշտոններ զբաղեցնող հիտլերականների և կոլաբորացիոնիստների գաղափարական ժառանգորդները բացահայտ արդարացնում են նացիստների տեղական աջակիցներին՝ նրանց մասնակցությունը վերմախտի հանցագործություններին ներկայացնելով որպես «ազգային-ազատագրական պայքար»։
Այս ուղղության հիմնական նպատակներից մեկը նախկին ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության խզումն է, աշխարհի՝ «շագանակագույն ժանտախտից» ազատագրման գործում նրանց ունեցած վճռորոշ դերի մասին ճշմարտության ջնջումը։
Նման ռազմավարությունն ակտիվորեն իրականացվել է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում։ Դրանում, ինչպես հայտնի է, առավել մեծ հաջողության է հասել Կիևի նեոնացիստական ռեժիմը։
Հավանաբար, հենց այդ պատճառով էլ նրա ղեկավար Զելենսկուն մայիսի սկզբին այդքան ջերմ ընդունեցին Երևանում՝ սիրալիր կերպով տրամադրելով հարթակ Ռուսաստանի հասցեին նողկալի սպառնալիքներ հնչեցնելու համար։
Մեր տեսանկյունից՝ սա հայկական ժողովրդի սխրանքի հիշատակի ուղղակի դավաճանություն է, որի փառավոր զավակներն ու դուստրերը մեծ ներդրում են ունեցել մեր ընդհանուր Հաղթանակի գործում։
Նացիզմի ցանկացած փառաբանում պետք է դառնա հասարակական և պետական հստակ դատապարտման առարկա։
Ցավոք, Հայրենական մեծ պատերազմի պատմության դեմ նման հարձակումները լրացնում են Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից հանրապետության ժողովրդի պատմական հիշողությունը «վերաձևակերպելու» այլ օրինակներ՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ողբերգության լռության մատնումը, Հայ առաքելական եկեղեցու վարկաբեկումը։
Թե որքանով է դա համապատասխանում հայկական հասարակության իրական ձգտումներին, արդար գնահատականը պետք է տան հենց իրենք՝ հայերը»։