Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մաս․ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված առաջընթացն ու Գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքը։
Արփինե Սարգսյանը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, նշել է, որ վիզաների ազատականացման երկխոսությունը ներկայումս գտնվում է ակտիվ փուլում։
Նա նաև ընդգծել է, որ գործընթացի շրջանակում Եվրոպական միության կողմից Հայաստանի համար մշակվել է գործողությունների լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է չորս հիմնական ուղղություններ՝ փաստաթղթերի անվտանգություն և կենսաչափական համակարգերի ամրապնդում, սահմանների համալիր կառավարում, միգրացիայի և ապաստանի ոլորտներ, հասարակական կարգի և անվտանգության ապահովում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն։
Նախարար Սարգսյանի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը և ընդգծել, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել կենսաչափական համակարգի, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի հարցերում։
Նախարարը շեշտել է, որ վիզաների ազատականացման գործընթացը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանց վիզայի տեղաշարժի հնարավորություն, այլև որպես պետական կառավարման համակարգի որակական բարեփոխումների կարևոր գործիք։ Նրա խոսքով՝ Գործողությունների ծրագիրը համահունչ է ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգին և ենթադրում է համակարգային փոփոխությունների իրականացում։
Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես կենսաչափական համակարգերի ներդրման ուղղությամբ արդեն իսկ արձանագրված զգալի առաջընթացը և ընդգծել, որ նախատեսվում է, որ համակարգը Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի 2026 թվականի աշնանը։
Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է ոչ միայն սահմանված պահանջների կատարումը, այլև դրանց իրական և որակական ապահովումը՝ հաշվի առնելով, որ Եվրոպական միության գնահատականները հիմնված են օբյեկտիվ չափանիշների վրա։
Նախարարը նշել է, որ աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով՝ նպատակ ունենալով լիարժեք կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել առաջընթաց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։
Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ։