«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի հետ համագործակցությամբ իրականացվող կինոծրագրերը
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 12-ին և հանդիսատեսին կներկայացնի 90 ֆիլմ 40 երկրից։
«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի հետ համագործակցությամբ իրականացվող կինոծրագրերը։ Դրանք հանդիսատեսին կներկայացնեն հեղինակային կինոյի լավագույն նմուշները, որոնց մի մասի պրեմիերաները կայացել են միջազգային կինոփառատոներում, մասնավորապես՝ Կաննում և Բեռլինում։ Փառատոնի շրջանակում Երևան կժամանեն հայտնի ռեժիսորներ, դերասաններ, կինոօպերատորներ և միջազգային կինոինդուստրիայի առաջատար մասնագետներ։
Ո՞ր կինոնկարներն անպայման արժե դիտել
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը, պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին, խոստովանեց, որ դա շատ բարդ հարց է։
«Փառատոնի օրերին տարբեր հարթակներում միաժամանակ մի քանի ցուցադրություններ են լինելու։ Ուստի խորհուրդ եմ տալիս ընտրություն կատարել՝ համաձայն սեփական ճաշակի և նախասիրությունների։ Ավանդաբար մեծ հետաքրքրություն են առաջացնում երևանյան պրեմիերաները»,- ասաց Հարությունյանը։
Այնուամենայնիվ, նա խորհուրդ տվեց բաց չթողնել «Դը Գոլ. Երկաթե դար» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը մարմնավորել է Սիմոն Աբգարյանը, ինչպես նաև Պավել Պավլիկովսկու նոր՝ «Հայրենիք» կինոնկարը, որը պատմում է 1945 թվականին էմիգրացիայից հետո Թոմաս Մանի՝ Գերմանիա վերադարձի մասին։ Սիմոն Աբգարյանն ու Պավլիկովսկին նույնպես կլինեն փառատոնի հյուրերի թվում։
«Շատ հետաքրքիր են մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը։ Այս տարի 600 հայտերից ավանդաբար ընտրվել են ամենաորակյալ ֆիլմերը»,- ասաց Հարությունյանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի հարցերով կցորդ Դավիթ Տուրսն ուշադրություն հրավիրեց Ֆրանսիայում բնակվող Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի վրա, որը կցուցադրվի հուլիսի 13-ին՝ փառատոնի հանդիսավոր բացմանը։
Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրությամբ նկարահանված կինոնկարը 2025 թվականին եղել է Շվեյցարիայի Լոկառնոյի 78-րդ կինոփառատոնի բացման ֆիլմը։ Ֆիլմը պատմում է Սելինի մասին, ով առաջին անգամ գալիս է Հայաստան՝ իր ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու համար։ Նա տեղեկանում է, որ ամուսինը ստել է իրեն, մասնակցել է պատերազմին, ձեռք է բերել այլ ինքնություն, իսկ նրա նախկին ընկերները նրան դավաճան են համարում։
««Ոսկե ծիրանը» դառնում է հայ և ֆրանսիացի կինոգործիչների շփման կարևոր հարթակ, ինչը հիմք է ստեղծում համագործակցության համար»,- նշեց Տուրսը։
Ծրագրում ընդգրկված են Ժան-Պիեռ Ժյոնեի հանրահայտ «Ամելին», Արթուր Հարարիի «Անծանոթուհին», Սերուժ Հովսեփյանի «Մեկուսի երկխոսությունները», որը կմրցի «Կորիզ» միջազգային մրցութային ծրագրում, Էմիլ Փարսեղյանի «Նրանց համար» ֆիլմը՝ «Կորիզ» մրցույթում, Ժասմին Ռազարյանի «Պարտէզը որ քեզ երազեց»՝ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում, ինչպես նաև Լիլիթ Գրասմուգի «Ձեզնից ոմանք պառկել են Իվայի հետ» վավերագրական ֆիլմը, որը կներկայացվի Doc Alliance հատուկ ծրագրում։
Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները «Ոսկե ծիրան» փառատոնն անվանեց տարածաշրջանում առաջատար և աշխարհում ավելի ու ավելի ամուր դիրքեր զբաղեցնող։
Կանադայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում փառատոնի տարբեր մրցութային ծրագրերում կներկայացվեն ժամանակակից կանադական կինոյի մի շարք նշանակալի աշխատանքներ։ Միջազգային մրցույթում ընդգրկված է Հյուբեր Կարոն-Գուայի «Սահմանների մեխանիկան» ֆիլմը, տարածաշրջանային մրցույթում՝ Սանազ Սոհրաբիի «Անավարտ օրացույցը», Մարլեն Էդոյանի «Այնտեղ կրակ կա» և Գիլդա Փուրջաբարի « Արևմտամետները» ֆիլմերը։
Գյոթե ինստիտուտ Հայաստանի հետ համագործակցությամբ գերմանական ծրագիրը ևս ներկայացնում է ժամանակակից եվրոպական կինոյի բազմազանությունը։ Ծրագրի բացումը տեղի կունենա Վալեսկա Գրիզեբախի «Երազված արկածը» ֆիլմով։ Միջազգային լիամետրաժ մրցույթում կներկայացվի Յոշա Բոնգարդի «Մանուկ աստղ» ֆիլմը, «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում՝ Պավել Պավլիկովսկու «Հայրենիք» և Աբոլֆազլ Սաֆարիի «Մայրուղու եղջերուն» ֆիլմերը, տարածաշրջանային մրցույթում՝ Ալեքսանդր Քոբերիձեի «Չորացած տերև» ֆիլմը, Doc Alliance հատուկ ծրագրում՝ Վիվ Լիի «Երկու լեռ է ծանրացել կրծքիս» և Շտեֆանի Շրյոդերի «Սառը զանգ» ֆիլմերը։ «Ծուռ Ծիրան» ծրագրում կցուցադրվի Կարիմ Այնուզի «Վարդաթփերի էտումը» ֆիլմը, իսկ Ջեսիկա Հաուսների «Հյուրանոց» և «Սիրելի Ռիտա» ֆիլմերը կընդգրկվեն փառատոնի հատուկ ցուցադրություններում։
Փառատոնի ծրագիրը հասանելի է «Ոսկե ծիրան»-ի կայքում և սոցիալական ցանցերում։