Համագործակցության հուշագիր՝ Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության փոխըմբռնման հուշագիր։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արթուր Նաջարյանը։

Արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:Հուշագրի նպատակը սոցիալական գործընկերության խթանումն է՝ երիտասարդության ոլորտում համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի և միջոցառումների իրականացմամբ՝ նպաստելով երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավմանը։

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին շարունակական համագործակցության և համատեղ աշխատանքի համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ սոցիալական գործընկերության հուշագիրն առաջմղման մոտիվացիա է թե՛ նախարարության, թե՛ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի  համար:«Ուրախ եմ, որ սոցիալական գործընկերությունը հաստատվում է նաև ստորագրված հուշագրով. միասին կշարունակենք համատեղ աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի ու երիտասարդների զորեղացման»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կազմակերպության ակտիվ գործունեությունը երիտասարդական միջավայրերի ձևավորմանն ուղղությամբ։

«Մեզ համար սա ուղղակի փաստաթղթի ստորագրում չէ. այն, կարծում եմ, մեր ընդհանուր տեսլականի և պարտավորության հաստատումն է»,- ասել է Արթուր Նաջարյանը՝ ընդգծելով, որ պետության հետ այսօրինակ գործընկերությունը դրական արձագանք է գտնում նաև միջազգային հարթակներում:

Նշվել է, որ համագործակցության հիմքում «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններն են, մասնավորապես՝ երիտասարդական միջավայրերի ձևավորման միասնական մոտեցումները:

Ըստ այդմ՝ համայնքներում հիմնված երիտասարդական կենտրոններում 13-35 տարեկան երիտասարդների համար կմատուցվեն տարատեսակ ծառայություններ՝ միտված նրանց ներուժի բացահայտմանը, կարողունակությունների զարգացմանը, ակտիվ քաղաքացիության գործադրմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, իրազեկվածության բարձրացմանը:

—00—ՄԱ

Leave a comment