Հրադադարն այլևս չի գործում. Թրամփ


ԱՄՆ-Իրան վերսկսված փոխադարձ հարվածների ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարն այլևս չի գործում: «Չեմ ուզում գործ ունենալ Իրանի ղեկավարության հետ. նրանք խելագար են, կեղտոտ խաղացողներ: Մենք ասացինք, որ զբաղվեն Խամենիի հուղարկավորությամբ, փոխարենը նրանք սկսեցին կրակել նավերի վրա»,- Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահը: Նա կրկնել է՝ թույլ չեն տալու, որ Իրանը միջուկային զենք ունենա:

Ավելի վաղ ամերիկյան զինված ուժերը հարվածել էին Իրանում 80-ից ավելի թիրախի, հանրապետության տարբեր շրջաններում պայթյուններ են որոտացել, հրդեհներ են բռնկվել: Թիրախավորվել են օդային պաշտպանության և ափամերձ հսկողության համակարգեր, հրթիռների, ԱԹՍ-ների արձակման կայանքներ, նավահանգստային օբյեկտներ: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սա պատասխանն է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա իրանական հարձակումներին։ Ամերիկյան կողմը նաև չեղյալ է հայտարարել իրանական նավթի վաճառքի համար տրամադրված արտոնագրերը, որոնք նախատեսված էին վերջերս ձեռք բերված Իսլամաբադի հուշագրով։

Տեղեկություններ կան, որ իրանական կողմն էլ թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան բազաները: Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն դատապարտել է ամերիկյան կողմի գործողությունները՝ դրանք որակելով կարգավորման հուշագրի խախտում: Թեհրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի որոշումները և սպառնալիքները չեն ազդի Թեհրանի դիրքորոշման վրա: Նաև Իրանից նախազգուշացնում են, որ անհրաժեշտության դեպքում ջախջախիչ հարված կհասցնեն և ոչ մի դեպքում թույլ չեն տա միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը:


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a comment