Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն իր աջակցությունն է հայտնել երկու ամսով կալանավորված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
«Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետեւ դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից։
Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում, պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։
Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Նազիկ Ավդալյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյան երկար տարիներ ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և տարբեր տարիներին ֆինանսական ու կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ մարզաձևերի ներկայացուցիչների, այդ թվում՝ ծանրամարտիկներին, ըմբիշներին, բռնցքամարտիկներին և այլ մարզիկների՝ մարզումների, միջազգային մրցումների մասնակցության և պարգևավճարների տրամադրման հարցերում։
Երկու օր առաջ՝ հուլիսի 6-ին, Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր երկամսյա կալանքը։
Նրան առաջադրված մեղադրանքները նա և պաշտպանական կողմը չեն ընդունում՝ դրանք համարելով անհիմն և քաղաքական դրդապատճառներով։