Սահմանամերձ բնակավայրերում անշարժ գույքը չի բռնագանձվի

Սահմանամերձ բնակավայրերում անշարժ գույքը չի բռնագանձվի

 Սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց:

Նախագիծն ներկայացվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից եւ ընդգրկված է Կառավարության վաղվա նիստում։ 

17.06.2026թ. դրությամբ Ծրագրի շրջանակում շահառուի կարգավիճակ է ստացել 3158 ընտանիք, որոնցից 2598-ն արդեն վարկավորվել են։

Սակայն ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկավորման գործընթացում առաջանում են խնդիրներ, երբ շահառուներն ունենում են գործող ժամկետանց վարկային պարտավորություններ եւ օրենքի պահանջով նրանց գույքի եւ եկամուտների վրա տարածվում է բռնագանձում։ Այս դեպքում, խնդիր է առաջանում ինչպես շահառուների անվամբ բացված բանկային հաշվին վարկի գումարի փոխանցման դեպքում, այնպես էլ առկա է հետագայում կառուցված անշարժ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու ռիսկը։

Առաջարկվում է կետին տալ հետադարձ ուժ, որպեսզի այն տարածվի 01.01.2023 թ.-ից տրամադրված վարկերի վրա։  

Հիշեցնենք, որ Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թվականների ծրագիրը», որը նպատակ ունի աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների կայուն զարգացման համար։ Կառավարության այս տարվա որոշմամբ ծրագիրը վերաբացվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած կամ այդ նույն նպատակով 01.01.2024-01.05.2025թթ․ ժամանակահատվածում հողամաս ձեռք բերած շահառուների համար։ 

 

 

Leave a comment