Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Եկատերինբուրգում որևէ գործնական արդյունք չեն տվել, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով կառավարական իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ կողմերին չի հաջողվել առաջընթացի հասնել Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման արգելքների հանելու հարցում։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բնական գազի գնի շուրջ ևս որևէ տեղաշարժ չկա, և էներգետիկ ոլորտում անորոշությունը պահպանվում է։
Ըստ թերթի՝ չնայած հանդիպումն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում, կողմերի երկարատև զրույցներն ու կենացները հստակ քաղաքական կամ տնտեսական արդյունքի չեն վերածվել։
Մոսկվայի և Երևանի միջև առկա տարաձայնությունների ֆոնին Փաշինյանը հուլիսի 6-ին Եկատերինբուրգում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հաստատել է Երևանի շահագրգռվածությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) հետագա մասնակցության հարցում։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Armenia Today