Ջերմաստիճանը կբարձրանա 6–8 աստիճանով․ հուլիսի 9-10-ին Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ անմիջապես հարավից․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ հուլիսի 9-ից Հայաստանն անցնում է բուն ամառային ռեժիմի։
«Այսօր` հունիսի 8-ին, Հայաստանը կշարունակի գտնվել Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում օրվա ընթացքում` ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով ամպրոպային բնույթի անձրևները կշարունակվեն։ Առանձին հատվածներում կրկին հնարավոր է կարկուտ», – ասաց Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նա հայտնեց, որ այսօր շարունակվում է նաև հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում կպահպանվի նաև նորմայից ցածր ջերմաստիճանը։
«Բայց հուլիսի 9-10-ն ընկած ժամանակահատվածում կունենանք մթնոլորտի շրջանառության էական փոփոխություն։ Հուլիսի 9-10-ին մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ անմիջապես հարավից, ինչի արդյունքում հունիսի 9-10-ին ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում, հուլիսի 8-ի համեմատ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով», – նշեց նա։
Սուրենյանը հայտնեց, որ ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 10 և 11-ին արդեն կգրանցվի 36-37 աստիճան տաքություն, իսկ վաղվանից սկսած կդադարեն նաև տեղումերը։
«Հանրապետության մեծ մասում հուլիսի 9-14-ն ընկած ժամանակահատվածում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Բացառություն կկազմեն միայն հյուսիսային առանձին շրջաններ, հատկապես Շիրակը, Լոռին և Տավուշը, որտեղ երեկոյան առանձին հատվածներում հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ», – ասաց Սուրենյանը։