Թրամփը հրաման է տվել հարվածներ հասցնել Իրանին, Թեհրանը խախտումների մասին է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանին հարվածներ հասցնելու ծրագիրը և հրաման է տվել դրա իրականացմանը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու ընթացքում, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

Դրանից առաջ Թրամփն Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի հետ։

Պաշտոնյայի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակ կշարունակվեն հարվածները։ «Մենք կստանանք հարվածների արդյունքների գնահատականը և որոշումներ կկայացնենք ավելի ուշ», – ասել է նա։

Axios-ը նախկինում հաղորդել էր, որ չորեքշաբթի երեկոյան Իրանի վրա ԱՄՆ ռազմական հարվածները կլինեն չորսից հինգ անգամ ավելի մեծ մասշտաբով, քան 10 օր առաջ Հորմուզի նեղուցում իրականացվածները։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեղադրել է ԱՄՆ-ին հուշագրի «լուրջ խախտումների» մեջ։

«Սպառնալիքների և շորթման դարաշրջանն ավարտվել է։ Այն ոչ մի տեղ չի տանի։ Մենք չենք հանձնվի», – գրել է Ղալիբաֆն X սոցիալական ցանցում։

Նա որպես փոխըմբռնման հուշագրի խախտումներ նշել է Վաշինգտոնի կողմից Հորմուզի նեղուցով նավերի անցման համար Իրանի կանոնների չկատարումը, «նոր հարվածների, նավթային պատժամիջոցների վերսկսման, հարավային Իրանի վրա հարձակումների մշտական ​​սպառնալիքները» և Իսրայելի գործողությունները Լիբանանում։

Leave a comment