«Պահանջում եմ նշանակել ամբողջական, անկախ, թափանցիկ և մասնագիտական ծառայողական քննություն». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևի միակ երկիրն ենք, որտեղ առյուծը դատապարտվեց և անկախ առողջական ռիսկերից հավերժ քնեցվեց…

Առավոտյան պաշտոնական նամակով կդիմեմ Երևանի քաղաքապետին։

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,

Որպես Երևանի ավագանու անդամ և Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ՝ պահանջում եմ նշանակել ամբողջական, անկախ, թափանցիկ և մասնագիտական ծառայողական քննություն՝ տեղափոխված առյուծի մահվան բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Պահանջում եմ.

* հրապարակել անզգայացման ամբողջական արձանագրությունը՝ կիրառված դեղամիջոցները, դեղաչափերը, անզգայացման ընթացքի հսկողության տվյալները,

* ներկայացնել կենդանու տեղափոխման կազմակերպման և իրականացման ամբողջ ընթացակարգը,

* իրականացնել և հրապարակել դիահերձման պաշտոնական եզրակացությունը՝ մահվան պատճառի վերաբերյալ,

* պարզել՝ պահպանվել են արդյոք կենդանու անզգայացման, տեղափոխման, հետանզգայացման հսկողության և պահպանության նկատմամբ գործող մասնագիտական և իրավական բոլոր պահանջները,

* ծառայողական քննության արդյունքները ներկայացնել նաև Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին։

Կենդանու մահը չափազանց լուրջ դեպք է և չի կարող մնալ առանց լիարժեք մասնագիտական գնահատականի և պատասխանատվության։

Հասարակությունն իրավունք ունի ստանալու ամբողջական և հիմնավորված պատասխաններ, իսկ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։

Հարգանքով՝

Քրիստինա Վարդանյան, բ.գ.թ., դոցենտ

Երևանի ավագանու անդամ

Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ»:

Leave a comment