Քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի միջև ընթացիկ համագործակցության ծրագրերը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (Raoul Wallenberg Institute of Human Rights and Humanitarian Law) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին։ Այս մասին հայտնում է ՇՄՆ-ը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի միջև ընթացիկ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման նոր ուղղությունները՝ միտված շրջակա միջավայրի կառավարման համակարգի կատարելագործմանը, բնապահպանական իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող նախաձեռնություններին, որոնք ներառում են տեխնիկական աջակցություն, կարողությունների զարգացման ծրագրեր, հանրային իրազեկվածության բարձրացման միջոցառումներ, ինչպես նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախապատրաստական գործընթացին և Օրհուսի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների արդյունավետ կատարմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ) գործընթացների թվայնացման ճանապարհային քարտեզի մշակումն էր։ Քննարկվել են ոլորտի թվային վերափոխման հիմնական ուղղությունները, գործընթացների արդյունավետության բարձրացման, թափանցիկության ապահովման, շահագրգիռ կողմերի մասնակցության ընդլայնման և ժամանակակից թվային լուծումների ներդրման հնարավորությունները։

Արա Մկրտչյանը կարևորել է միջազգային լավագույն փորձի կիրառումը՝ ընդգծելով, որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտի շարունակական բարելավումը հնարավոր է միայն ժամանակակից թվային գործիքների ներդրման, ինստիտուցիոնալ կարողությունների հետևողական զարգացման և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության պայմաններում։ Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է շարունակել համատեղ աշխատանքը՝ ապահովելով ոլորտի օրենսդրական և գործնական բարեփոխումների համահունչ իրականացումը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև մասնագիտական կարողությունների զարգացման հարցերին։ Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են դատավորների, պետական ծառայողների և ոլորտային մասնագետների համար առցանց ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակման միջազգային փորձը։ Ընդգծվել է, որ կրթական ծրագրերի բովանդակությունը պետք է մշակվի հայաստանյան գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրական առանձնահատկությունները, միջազգային պարտավորությունները և ոլորտի գործնական պահանջները։

Կողմերը քննարկել են նաև բնապահպանական իրավունքների պաշտպանության, արդարադատության մատչելիության, տեղեկատվության հասանելիության և որոշումների ընդունման գործընթացներում հանրային մասնակցության խթանման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը՝ կարևորելով Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների լիարժեք իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ»,-ասված է հաղորդագորթյան մեջ։

Leave a comment