ՏԵՂԱԿԱՆ
Մարտա Կոսը կոչ է արել եվրոպացի սպառողներին ընտրել հայկական արտադրության մրգեր
ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն անդրադարձել է Հայաստանի ժողովրդավարական ընտրությանն ու տնտեսական դիմակայունությանը՝ որպես խորհրդանիշ ընտրելով հայկական ծիրանը։ Նախորդ շաբաթ Հայաստան կատարած այցից հետո նա կոչ է արել եվրոպացի սպառողներին սուպերմարկետներում ընտրել հայկական մրգեր՝ նշելով, որ դա փոքրիկ քայլ է հայ ֆերմերներին և երկրի ժողովրդավարական ընթացքին աջակցելու համար։
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 9 սմ-ով. մեկնարկել է ոռոգման ջրառը
Հուլիսի 5-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.77 մ, ինչը 9 սմ-ով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը։ Նշված շաբաթվա ընթացքում լճի մակարդակը բարձրացել է ևս 2 սմ-ով։ Զուգահեռաբար, հուլիսի 2-ից պաշտոնապես մեկնարկել է լճից ոռոգման նպատակով ջրառի իրականացումը։
Հայաստանում արդյունաբերական թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ Պապոյան
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալն արձանագրել է 12.2% երկնիշ աճ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հիմնվելով պաշտոնական վիճակագրության վրա։
Փոքր պետության մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների վրա. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ՀՀ տնտեսական դիմակայունության, արտահանման դիվերսիֆիկացման և մաքսային ռիսկերի կառավարման հարցերի քննարկմանը։ Նա ընդգծել է, որ փոքր պետության մրցունակության հենասյուներն են խելացի թվային լուծումներն ու պետություն-բիզնես գործընկերությունը։ ՊԵԿ-ի առանցքային թիրախն է ժամանակակից մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների ձևավորումը։
Հունիսին Հայաստանի ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի երկրորդային շուկան աճել է 29%-ով
Բորսայական ամփոփ տվյալների համաձայն՝ հունիսին պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 43.3 մլրդ դրամի պարտատոմս։ Երկրորդային շուկայում իրականացվել է 82 գործարք՝ 33.3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, ինչը 29%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱՏՕ-ն Անկարայի գագաթնաժողովում տասնյակ միլիարդավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր կկնքի․ Ռյուտե
Հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում դաշինքի անդամ երկրները պաշտպանական ոլորտի խոշոր պայմանագրեր կստորագրեն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է, որ այս քայլով անդամ պետությունները գործնականում ցույց կտան իրենց ներդրումները պաշտպանության մեջ և կամրապնդեն ռազմարդյունաբերական ներուժը։
Վարշավան ամփոփել է Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը. փոխանցվել է $4,5 մլրդ-ի զենք
Լեհաստանը 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային է փոխանցել շուրջ 4.5 մլրդ դոլար արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա։ Օգնության հիմնական մասը՝ 4.1 մլրդ դոլարի չափով, Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցվել 2022-2023 թվականներին՝ նախորդ կառավարության օրոք։
Microsoft-ը կրճատում է 4800 աշխատատեղ՝ աշխատակազմի 2.1%-ը
Տեխնոլոգիական հսկա Microsoft-ը հայտարարել է անձնակազմի օպտիմալացման մասին, որի շրջանակում կփակվի 4800 հաստիք։ Նմանատիպ կրճատումները ընկերության համար կրում են պարբերական բնույթ և սովորաբար իրականացվում են ֆինանսական տարվա վերջին՝ հաջորդ տարվա ծախսերի պլանավորման նպատակով։
Գերմանիան 1.5 մլրդ եվրո կհատկացնի գազի ռազմավարական պահուստ ստեղծելու համար
Գերմանիայի կառավարությունը ծրագրում է ձևավորել 2.3 մլրդ խորանարդ մետր ծավալով բնական գազի ազգային ռազմավարական պահուստ։ Այս նախագծի հիմնական նպատակն է ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունն ու անխափան մատակարարումը հնարավոր ճգնաժամերի, դիվերսիաների կամ շուկայում գազի կտրուկ դեֆիցիտի պարագայում։