Գիտական հետազոտությունները փաստում են, որ փրփրապլաստից պատրաստված միանգամյա օգտագործման տարաները տաք սննդի կամ հեղուկի հետ շփվելիս արտազատում են ստիրոլ։ Այս տոքսիկ քիմիական նյութն ունի կուտակային ազդեցություն, բացասաբար է անդրադառնում մարդու նյարդային համակարգի վրա և միջազգային առաջատար կառույցների կողմից դասակարգվում է որպես հնարավոր քաղցկեղածին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ-ը։
«Բացի այդ, բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև յուղոտ կամ թթվային միջավայրի ազդեցության տակ տեղի է ունենում պլաստիկի տրոհում։ Արդյունքում՝ անզեն աչքով անտեսանելի միկրոպլաստիկը թափանցում է սննդամթերքի մեջ, իսկ այնտեղից՝ մարդու օրգանիզմ։
Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2027 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը՝
առևտրի օբյեկտներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքներում,
հանրային սննդի օբյեկտներում,
բացօթյա և շրջիկ առևտրի կետերում»,-ասված է հաղորդագրության մեջ։