Փորձագետ․ Հայաստանի՝ արտահանմանն ուղղված գյուղատնտեսական ոլորտը կաթվածահար է եղել

Հայաստանի ամբողջ գյուղատնտեսական ոլորտը, որն ուղղված է արտահանմանը, կաթվածահար է եղել, իրավիճակը շատ բարդ է։ Իրավիճակի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ֆերմեր Հարություն Մնացականյանը։

Նա նկատել է, որ ծաղիկ արտադրողների մոտ իրավիճակն այնքան բարդ է, որ նրանք խանութները լցրել են իրենց արտադրանքով՝ շատ ցածր գներով։ «Բացի դրանից, այսօր սուպերմարկետներում մեկ կիլոգրամ լոլիկը կարելի է գտնել 90 դրամով, ինչից կարելի է եզրակացնել, որ մթերման գինը կազմում է մոտ 60-70 դրամ։ Դա նշանակում է, որ ֆերմերներն արդեն վնասով են աշխատում, ինչը բացասական հետևանքներ կունենա նաև ջերմոցային տնտեսությունների վրա»,- նշել է Մնացականյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանից հաջողվել է արտահանել մի քանի հազար տոննա ծիրան, իսկ մնացած գյուղմթերքի մասով անորոշություն է տիրում։ Նա հայտնել է, որ Հայաստանից տարեկան արտահանվում է 1,2–1,4 միլիարդ դոլարի գյուղմթերք, որի ավելի քան 80%-ը բաժին էր ընկնում ռուսական շուկային, որն այժմ չկա։

«Եթե իրավիճակը չփոխվի, ֆերմերները կբախվեն լրջագույն խնդիրների, ջերմոցային տնտեսությունները կսկսեն զանգվածաբար դադարեցնել իրենց գործունեությունը, այգեգործական տնտեսությունները կկանգնեն սնանկացման վտանգի առաջ, տեխնիկական խաղողի մթերումներ չեն լինի և այդպես շարունակ»,- հավելել է փորձագետը։ Նրա խոսքով՝ եվրոպական շուկայի հնարավորությունների մասին խոսակցություններն իմիտացիա են։

Նա նշել է, որ դեպի Եվրոպա արտահանվող փոքր խմբաքանակները ոչինչ չեն փոխում։ «Եվրոպական շուկան հստակ պահանջներ է առաջադրում, իսկ ստանդարտների բացակայությունը թույլ չի տալիս այնտեղ արտադրանք արտահանել։ Ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է երկարատև աշխատանք պետական մակարդակով։ Պետությունը, որը խոսում է շուկայի դիվերսիֆիկացման և արտահանումը դեպի Եվրոպա վերակողմնորոշելու մասին, այս ժամանակահատվածում արդեն պետք է կազմակերպած լիներ մթերման կայաններ, լոգիստիկ կենտրոններ, համապատասխան որակի լաբորատորիաներ, սահմաներ հստակ հսկողություն, կարգավորեր պարարտանյութերի և քիմիկատների վաճառքը»,- եզրափակել է Մնացականյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մայիսի վերջին սահմանափակումներ է մտցրել Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի, դրանց թվում՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի և ելակի ներմուծման վրա։

Leave a comment