«Գագիկ Ծառուկյանի տանն իրականացված խուզարկությունը թերևս կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամենաերկարատև խուզարկություն, շուրջ 13 ժամ շարունակվում էր»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ այժմ դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա ձերբակալվել է նախօրեին։
Ի. Տոնոյանն ասել է, որ նախօրեին տան խուզարկությանը հաջորդել է քննչական կոմիտեում հացաքննությունը։
«Այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Գագիկ Ծառոկյանը տեղափոխվում է դատարան՝ կալանքի միջնորդության հարցը քննելու, մի քանի ժամ դատարանի բակում սպասելուց հետո նոր տեղեկացրեցին, որ նիստը կկայանա առավոտյան 09.00-ին։ Այս փաստերը բարձրաձայնում եմ, որպեսզի հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեմ այն հանգամանքի վրա, թե որքան անփույթ, թափթփված կերպով է այս ողջ գործընթացն իրկանացավում՝ սկսած քրեական գործը կարելու գործընթացից։
Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի»,-ասել էԲՀԿ խոսնակը։
Ի. Տոնոյանն ասել է, որ նախօրիեն կապարակնքվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված տասնյակ ընկերություններ, որոնց 10 հազարից ավելի աշխատակիցները մատնվել են հարկադիր պարապուրդի։
«Ուզում եմ հասկանալ՝ տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանո՞վ է նպատակահարմար։
Հասկանում եմ՝ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու անհագուրդ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց, ցավով տեղեկացնում եմ, որ տնտեսությանը փշրելուն ուղղված այդ գործընթացը լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով։ Տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ»,- նշել է նա։
Տոնոյանի խոսքով, նախկին «Փարավոն» ռեստորանի գործունեությունն էլ է դադարեցված։
Նա անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք «հիացական բացականչություններով ողջունում են ողջ գործընթացն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ», ասել է. «Հիշեք՝ բումերգանքի օրենքը ոչ մեկ չի մերժել»։
Տոնոյանը նշել է, որ կենդանիները պահվել են օրենքի պահանջներին համապատասխան պայմաններում։
«Բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները, պահպանման վայրը, պայմանները բոլորը համապատասխանել են նորմերին»,- ասել է նա։
Տոնոյանի խոսքով՝ կենդանիների պահպանման համար ապահովված են եղել Հայաստանում լավագույն պայմաններից մեկը, իսկ ամբողջ գործընթացն իրականացվել է բացառապես օրինական դաշտում։
Անդրադառնալով որսի թեմային՝ նա նշել է, որ որսը մարդկանց նախասիրություններից մեկն է, և օրենքով չի արգելվում այն իրականացնել թույլատրելի վայրերում և սահմանված պայմանների պահպանմամբ։