Հայաստանյան քաղաքական կյանքում կան դեմքեր, որոնց նկատմամբ պայքարը երբեք չի սահմանափակվել միայն ընտրություններով։ Այդպիսի գործիչներից մեկն է Գագիկ Ծառուկյանը։ Տարիների ընթացքում փոխվել են իշխանությունները, փոխվել են քաղաքական կարգախոսները, սակայն մեկ բան մնացել է անփոփոխ՝ երբ Ծառուկյանը դարձել է ազդեցիկ քաղաքական կենտրոն, նրա նկատմամբ ճնշումը միշտ ուժեղացել է։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ երեկվանից մեկնարկած գործընթացները, որքան էլ կանխատեսելի էին, միևնույնն է շատերի գնահատմամբ այս ամենը որեւէ աղերս չունի իրավական զարգացումների հետ, և որ գործ ունենք «բեսպրիդելի» հետ։
Ինչու էր կանխատեսելի Ծառուկյանի շուրջ հնարավոր զարգացումները։ Նախընտրական շրջանի սկզբնական փուլում Գագիկ Ծառուկյանը հանդես էր գալիս բավականին կառուցողական, հանդուրժողականության դիրքերից, և կոշտ քննադատություններ չէր հնչեցնում իշխանության հասցեին։ Սակայն ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների հայտարարեց, թե ով ստում է, թող գա մտնի առյուծի վանդակը, այդ պահից սկսած սկիզբ դրվեց այն զարգացումներին, որոնց ականատեսը երեկվանից հանրությունը լինում է։ Ընդ որում առյուծին քաղաքականությանը «խառնելու» «փառահեղ» գաղափարը, տեղեկությունների համաձայն Գագիկ Ծառուկյանին տվել է Վահե Հովհաննիսյանը։ Նա ԲՀԿ-ական նախկին պատգամավոր է, և զբաղվում է ԲՀԿ առաջնորդի այսպես ասած PR-ով և նրա քաղտեխնոլոգն է։ Հենց Հովհաննիսյանի թեթև ձեռքով են տարբեր ժամանակներում, տարբեր թիմեր փոխած ուժերն ու անհատները հայտնվել ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում, այդ կերպ ևս վնասելով Ծառուկյանի համբավը։
Շատերի կարծիքով՝ Ծառուկյանին առաջին հերթին չներվեց այդ վերը նշված հայտարարությունը։ Միաժամանակ նաև այն, որ նա երբեք ամբողջությամբ չկորցրեց իր քաղաքական կշիռը։ Հայաստանի քաղաքական համակարգում սովորաբար ընդունված է, որ իշխանությունը ձգտում է ունենալ մեկ գերիշխող բևեռ։ Իսկ Ծառուկյանը երկար տարիներ պահպանեց այնպիսի կազմակերպչական, ֆինանսական և մարդկային ռեսուրս, որը նրան դարձնում էր իրական մրցակից։ Չներվեց նաև այն, որ նա կարողացավ ձևավորել սեփական սոցիալական հենարանը։ Տարիներ շարունակ իրականացված բարեգործական ծրագրերը, սպորտի, կրթության և սոցիալական ոլորտներում ներդրումները հազարավոր մարդկանց համար ստեղծել էին վստահության հիմք։ Այդ ազդեցությունը շատ ավելի մեծ էր, քան պարզապես կուսակցական վարկանիշը, և հենց դա էր Ծառուկյանին միշտ դարձնում «վտանգավոր» քաղաքական մրցակից, ում չեզոքացնելու համար իշխանությունները հատում են բոլոր կարմիր գծերը, իսկ այդ հարցում նրանց միշտ էլ ներսից «օգնողներ» գտնվում են։