«Ես չէի պատկերացնում, որ մեր ԱԱԾ-ն այդ աստիճանի ցածրորակ է եւ կնոջը կարող է ծաղրել ու սպառնալ, այս թողտվության մեջ լկտիանում են բոլորը»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններին՝ Հայաստանում բնակվող իրանցիների բողոքի ցույցերը ճնշելու եւ իրանցիներին սպառնալու վերաբերյալ։

Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ցույցեր անող իրանցիներին ուժային կառույցները ճնշում են եւ արգելում հավաքներին մասնակցել։ Այն բանից հետո, երբ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար, Հայաստանի իշխանությունները ուժայինների միջոցով խոչընդոտում են ՀՀ-ում բնակվող իրանցիների խաղաղ ցույցերի անցկացումը։

«Ազատություն» ռադիոկայանի հրապարակման համաձայն՝ Հայաստան տեղափոխված իրանցի 35-ամյա Ռեյհանե Մաջիդիին օրերս իր կամքին հակառակ տարել են ԱԱԾ, 4 ժամ հարցաքննել ու սպառնացել արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն ազատության։ «Նրանք պնդում էին, որ ես իրավունք չունեմ բողոքի ձայն բարձրացնել Իսլամական Հանրապետության դեմ՝ ո՛չ իրական կյանքում, ո՛չ էլ համացանցում։ Սպառնացին, որ եթե շարունակեմ, ինձ կարտաքսեն Իրան։ Մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ»,- պատմել է նա։ Իրանցի կինը նաեւ ասել է, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն իրեն ծաղրել են՝ սպառնալով կարտաքսել Ադրբեջան։

«Ես չէի պատկերացնում, որ Հայաստանի ԱԱԾ-ն այդ աստիճանի ցածրորակ է, որ կնոջը կարող է ծաղրել ու սպառնալ։ Ճիշտ է, մենք տեսել ենք, թե ինչ բարբարոսական մեթոդներով են ԱԱԾ-ականները բերման ենթարկում մարդկանց, բայց ես չէի պատկերացնում, որ ԱԱԾ քննիչներն այս որակի են։ Նախկին իշխանությունների ժամանակ մենք նման դեպք չենք լսել, որ կարող էին որեւէ կնոջ նկատմամբ այդպես վարվել։ Տեսնում ենք, որ այս թողտվության մեջ լկտիանում են բոլորը։ Սովետական ժամանակ ԱԱԾ-ում կար սպայի պատիվ հասկացությունը։ Հատկապես, որ այդ կինն օտարերկրյա քաղաքացի է, դուք ո՞նց կարող եք իր հետ այդպես վարվել, սպառնալ, երբ ինքը հալածվել է իր երկրում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ մամուլի այս հրապարակումից հետո ԱԱԾ այդ քննիչները պետք է պատասխանատվության ենթարկվեին, բայց տեսնում ենք, որ ամենաթողություն է։ «Եթե Փաշինյանն ԱԱԾ-ականին ասում է, որ ինքը կարող է գնալ, հոգեւորականին ստիպել ինչ-որ բան անել, այս թողտվության մթնոլորտը, որը ստեղծվել է, էլ ինչ կարող ենք ակնկալել։ Ես մտածում եմ, որ ԱԱԾ-ն դա ոստիկանությունը չէ, ոստիկանությունում բռնությունը միշտ կայուն եղել է։ Իսկ ԱԱԾ-ում այսպիսի դեպքեր շատ չենք լսել, եզակի դեպք էր սա։ Սա ԱԱԾ-ի ամոթն է, իրանցի հալածված այդ կնոջ հետ այդպիսի բառապաշարով խոսելը։ Իրանցիները խաղաղ ակցիա են անում, ի՞նչ են անում, փորձում են այդպիսով աջակցել իրենց երկրում տեղի ունեցող պրոցեսներին։ Այս ամենը ՀՀ իշխանության հրահանգով է, չգիտեմ՝ ինչ են հրահանգել, ԱԱԾ-ականերն էլ կատարում են նրանց հրահանգները»,- ասաց նա։

ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բայց փաստացի ճնշվում են եւ հայաստանցիների, եւ օտարերկրացիների բողոքի ցույցերը, մարդիկ բերման են ենթարկվում։ Անդրադառնալով այս հարցին՝ իրավապաշտպանն ասաց․ «Ի՞նչ ժողովրդավարություն, Հայաստանում ժողովրդավարությունը մեռած է եւ թաղված։ Ես համարում եմ, որ Հայաստանում ժողովրդավարության իսպառ բացակայություն է։ Հայաստանում նաեւ իրավապաշտպանություն չկա, եթե հատ ու կենտ մարդիկ խոսում են, դա ոչ մի ազդեցություն չի ունենում այս մթնոլորտի վրա։ Մեկ էլ տեսնում ես Փաշինյանը մի հայտարարություն է անում ու անօրինական գործողություններ են իրականացվում։ Իրենց այս անօրինական, հակասահմանադրական պահվածքը թե հոգեւորականների, թե քաղաքացիների նկատմամբ, ուղղակի բեզպրեդել է»։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ եթե Հայաստանում ժողովրդավարություն ու քաղհասարակություն գոյություն ունենար, իրանցի կնոջ նկատմամբ ԱԱԾ-ականների գործողությունները դատապարտող գոնե մեկ հայտարարություն կարվեր։ «Երբ ես լսում եմ, թե ինչ հիմնավորումներ են բերում, ինչի մասին են խոսում քաղհասարակության ներկայացուցիչները, դա ոչ մի կապ չունի իրական իրավապաշտպանության հետ, դա իրենց քաղաքական ու չգիտեմ ինչ շահերի մասին է միայն»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment