«ՀՀ-ն իսկապես շատ բան ունի առաջարկելու ԵՄ-ին»․ Յակոբ Վյոլենշտայն

«Հայ հանրությունը հույս ուներ, որ ՍԴ-ի որոշումը պարզություն կմտցնի։ Այն վերահաստատեց ժողովրդի կողմից ներկայիս կառավարությանը տրված վստահության քվեն՝ շարունակելու կառավարության ծրագրի իրականացումը։ Դրանում կարևոր ուղղություններից է մոտարկման գործընթացը դեպի ԵՄ։ ՀՀ ժողովուրդը կարծես թե իր ցանկությունը հայտնել է, որ երկիրը շարժվի այդ ուղղությամբ»,- «Եվրոպական միությունը Հայաստանի համար․ արժեքներ, վստահություն, բարեկեցություն» վերնագրով վերլուծական փաստաթղթի ներկայացման արարողության ժամանակ ասաց «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչ Յակոբ Վյոլենշտայնը։

Նա տեղեկացրեց, որ սա արդեն երկրորդ վերլուծական փաստաթուղթն է։ Առաջինն ուսումնասիրում էր, թե ՀՀ-ն ինչ է Եվրոպայի համար, ինչ կարող է ՀՀ-ն առաջարկել ԵՄ-ին, ԵՄ-ն ինչ է առաջարկում ՀՀ-ին․ «ՀՀ-ն իսկապես շատ բան ունի առաջարկելու ԵՄ-ին։ Տեսնում ենք՝ ինչպես է իրավիճակը փոխվում Հայաստանի շուրջ։ Այս զեկույցով այլ կողմից ենք նայում՝ ինչն է փոխվել, ինչը պետք է փոխվի երկրի ներսում, որ գործընթացը դառնա ծրագիր, քաղաքականություն։

Փաստացի 49 տոկոսը՝ ընտրողների ձայների շուրջ կեսը, քվե չի տվել այս կառավարությանը, իսկ եվրաինտեգրման ճանապարհն ասոցացվում է նաև իշխող կուսակցության հետ, ինչը նշանակում է, որ կա բևեռացում, ինչն էլ առանցքային հարց կարող է լինել՝ արդյոք կա կոնսենսուս եվրաինտեգրման հետ կապված»։

Վերլուծական փաստաթղթի հեղինակ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ աստիճանաբար ՀՀ-ի՝ եվրոպական քաղաքական զարգացման ուղեգիծը սահմանափակվում է ոչ դրսից, այլ ներսից․ «ԵՄ-ն ցուցաբերում է նշանակալի քաղաքական հանձնառություն, ինստիտուցիոնալ աջակցություն ՀՀ-ին։ Ինչքան ավելի հստակ է արտաքին քաղաքական հանձնառությունը, այնքան ավելի մտահոգիչ է բարեփոխումների իրականացման նկատմամբ վստահություն ապահովելու հնարավորությունը ներքին մակարդակում։

Փաստաթուղթը զգալի ուշադրություն է դարձնում բարեփոխումներին, որոնք կարևոր են արդարադատության, հակակոռուպցիոն գործընթացների իրականացման ոլորտում։ Առաջնային խոչընդոտներն այս բարեփոխումների իրականացման հարցում տեխնիկական չեն․ ՀՀ-ն ունի բավարար գիտելիքներ, միջազգային աջակցություն և կառուցակարգային գիտելիքներ՝ իրականացնելու այդ բարեփոխումները։ Ավելի բարդ հարցն այն է, թե ինչ խթաններ ու հետաքրքրվածություն կա այդ ամենն իրականացնելու համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment