2026 թ. հուլիսի 25-ին Երևանում կբացվի Չինաստանից հյուրընկալվող «Լյանչժոուի դարաշրջան․ ծիսական կարգի աշխարհը» խորագրով ֆիզիկական և թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանի, «Գոտի և ճանապարհ» մշակութային ասոցիացիայի, Հայաստանի նկարիչների միության և Հայ-չինական գործընկերության կենտրոնի համագործակցության արդյունքում, Չինաստանի Ճեճիան նահանգի մշակույթի, ռադիոյի, հեռուստատեսության և զբոսաշրջության դեպարտամենտի աջակցությամբ: Լյանչժոուի հնավայրն ունի 5300–4300 տարվա պատմություն։ Այն 2019 թ․ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և Չինաստանի քաղաքակրթության ակունքների ուսումնասիրության նախագծի առանցքային փաստագրական վկայություններից է։
2025 թ․ հուլիսին «Համաշխարհային քաղաքակրթությունների երկխոսություն» նախարարական համաժողովին ուղղված իր շնորհավորական ուղերձում նախագահ Սին շեշտել է․ «Աշխարհը կանգնած է փոխկապակցված ցնցումների և փոփոխությունների առաջ, ինչի հետևանքով մարդկությունը հայտնվել է պատմական նոր խաչմերուկում։ Այս պայմաններում կենսական անհրաժեշտություն է քաղաքակրթությունների միջև երկխոսությամբ հաղթահարել բաժանարար գծերը և փոխադարձ ուսուցմամբ նպաստել առկա հակամարտությունների կարգավորմանը»։ Այս համատեքստում է ստեղծվել «Լյանչժոուի դարաշրջան․ ծիսական կարգի աշխարհը» ցուցահանդեսը:
Ցուցադրության հիմնական նպատակն է պատասխանել մի առանցքային հարցի․ ինչպե՞ս ապահովել, որ տարբեր մշակութային միջավայրերից եկող այցելուները ոչ միայն ծանոթանան Լյանչժոուի քաղաքակրթության մեծությանը, այլև իրապես զգան դրա խորքային ժառանգությունը և կարողանան սեփական, անկախ ու հիմնավոր գնահատականը տալ դրան։ Լյանչժոուի ծաղկման շրջանը համընկնում է Հին Եգիպտոսի թագավորության, Միջագետքի շումերական և Ինդոսի հովտի քաղաքակրթությունների հետ։ Լյանչժոուն մարդկային քաղաքակրթության արշալույսի կարևոր էջերից է։ 5300 տարի առաջ, երբ Նեղոսի, Ինդոսի և Տիգրիս-Եփրատ գետերի ավազաններում նոր էին ձևավորվում հին քաղաքակրթությունները, Արևելքում՝ Թայհու լճի ավազանում, ծաղկում էր մի հզոր քաղաքակրթություն, որը հիմնված էր արքայական իշխանության, ծիսական համակարգերի, ջրաշինական կառույցների և բրնձի մշակության վրա։
«Լյանչժոուի դարաշրջան․ ծիսական համակարգի վերելքը» թվային-ֆիզիկական ինտեգրված գերիմերսիվ ցուցահանդես է, որտեղ իրական հնագիտական գտածոները և նորագույն թվային տեխնոլոգիաները միավորվում են՝ բացահայտելու Լյանչժոուի քաղաքակրթության ամբողջական պատկերը։ Այն ձեզ տանում է ժամանակի միջով մի ճանապարհորդության՝ սկսելով 1936 թվականի հնագիտական պեղումների վայրից և հասցնելով մինչև հին Լյանչժոու քաղաքի սիրտը։ Սա պարզապես ցուցադրություն չէ։ Սա անմիջական և խորասուզող հանդիպում է 5300-ամյա փառահեղ քաղաքակրթության հետ՝ դեմ առ դեմ երկխոսության ձևաչափով։ Թվային և ֆիզիկական միջավայրերի միախառնում, վիրտուալի և իրականի հանդիպում: Ինտերակտիվ միջավայր ՝ ակտիվ բացահայտումներ և թռիչք հնամենի քաղաքի վրայով լուսե թռչունի օգնությամբ, մեկ հպումով լուսավորեք պատնեշներն ու ջրանցքները և տեսեք, թե ինչպես է գործել ջրային համակարգը։ Ձեռքի թեթև շարժումն արթնացնում է հասպիսե կոնգերի նախշերը՝ լույսի ու ստվերի խաղով ուղեկցելով ձեզ։ Ամեն մի փոխազդեցություն կենդանացնում է տեսարանը՝ ձեզ պասիվ դիտորդից վերածելով ակտիվ մասնակցի, ով անձամբ է բացահայտում, թե ինչպես է Լյանչժոուն հզորացել ջրի կառավարման շնորհիվ։
Հնագույն քաղաքի 3D վերակազմությունը կատարելապես համադրված է ֆիզիկական ցուցադրության հետ։ 1:1 մասշտաբի իրական վերականգնումները լրացնում են ջրային համակարգի շարժուն պատկերները։ Այցելուների շարժմանը զուգընթաց՝ վիրտուալ ջրի մակարդակը բարձրանում ու իջնում է։ Իրական և թվային շերտերի այս համադրումը ստեղծում է կենդանի ներկայության էֆեկտ՝ տեղափոխելով այցելուին հենց Լյանչժոուի սիրտը։ Ֆիզիկական ցուցադրության հիմքում նեֆրիտե իրերն են՝ համալրված ինտերակտիվ մոդելներով, պատկերազարդ վահանակներով և թեմատիկ մոդուլներով։ Հիմնական արժեքը մշակութային մասունքների անմիջական առկայությունն է ցուցասրահներում և ակադեմիական վստահության ապահովումը, ինչը թույլ է տալիս թվային ընկղմող միջավայր մուտք գործելուց առաջ հիմնական պատկերացում ձևավորել Լյանչժոուի քաղաքակրթության վերաբերյալ։ Մոդուլային նախագծումը հնարավորություն է տալիս ցուցադրությունը ճկուն կերպով կիրառել տարբեր երկրներում ու միջավայրերում՝ այն ինտեգրելով Համաշխարհային ժառանգության առաջմղման ծրագրերին, Լյանչժու ֆորումին և այլ միջազգային մշակութային փոխանակման հարթակներին։
Թվային և ֆիզիկական տարրերի համադրման միջոցով աշխարհին են ներկայացվում ավանդական չինական մշակույթի հիմնական հասկացությունները՝ ծիսական կառավարում, հասարակական կարգ, կենտրոնաձիգ իշխանություն ու համայնքային ինքնություն։ Այն հնարավորություն է տալիս չինական քաղաքակրթության արժեքները մատչելի եղանակով ներկայացնել միջմշակութային համատեքստում։ Այս նախագիծը չինական բարձրարժեք ավանդական մշակույթի համաշխարհային տարածման գերազանց օրինակ է։ Ցուցադրությունը հասանելի է մի քանի լեզուներով՝ չինարեն, անգլերեն, ռուսերեն և հայերեն։ Ճշգրիտ թարգմանված տեքստերն ու ինտերակտիվ նյութերը մատուցվում են միասնական սցենարով՝ հասկանալի տարբեր մշակույթների լսարաններին։
Օգտագործելով մշակութային տարածման նորագույն տեխնոլոգիական հնարավորությունները՝ այս ցուցահանդեսն աշխարհին բացահայտում է չինական քաղաքակրթության ակունքների անանց հմայքը։ «Լյանչժոուի դարաշրջան․ ծիսական կարգի աշխարհը» ցուցահանդեսը «Գլոբալ քաղաքակրթական նախաձեռնության» շրջանակում իրականացվող կարևոր իրադարձություն է, որի միջոցով չինական քաղաքակրթության ակունքները ներկայացվում են միջազգային հանրությանը: Ամենաբարձր քաղաքական մակարդակով, առաջատար տեխնոլոգիական լուծումներով ու ամուր գիտական հենքով ստեղծված այս ցուցահանդեսը միաժամանակ փոխանցում է Չինաստանի արդիականացման հիմքում ընկած մշակութային արժեքները։ «Լյանչժոուի հնագիտական ավերակները սրբազան վայր են, որոնք վկայում են չինական քաղաքակրթության 5000-ամյա պատմության մասին․ դա անփոխարինելի գանձ է, որը մենք պարտավոր ենք լիովին պահպանել»։