Արևի հետ կանոնավոր շփումն ավելի կարևոր է․ Գայանե Բայբուրդյանը՝ վիտամին D-ի հետ կապված «միֆերի» ու արդյունավետ որոշումների մասին

Վիտամին D-ի հետ կապված հարցերի շուրջ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Մուրացան» ՀՀ Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ-օրդինատոր, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Գայանե Բայբուրդյանի հետ։

– Բժշկուհի Բայբուրդյան, այսօր շատ է խոսվում վիտամին D-ի մասին․ ո՞րն է այս վիտամինի դերը մարդու օրգանիզմում։

-Վիտամին D-ն ճարպալույծ վիտամին է, որը  նպաստում է օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի ներծծմանը։ Այս վիտամինի դերը կարևոր է ոսկրերի, ատամների ամրության պահպանման, մկանային, նյարդային, իմունային  համակարգերի աշխատանքի մեջ, օրինակ՝ հիմա կան տվյալներ, որ վիտամին D -ի բավարար մակարդակը կարող է կապված լինել որոշ հիվանդությունների, օրինակ՝ շաքարային դիաբետի զարգացման ցածր ռիսկի հետ, թեև այս ոլորտում դեռևս բավարար ապացույցներ չկան, և չենք կարող վիտամին D-ն դիտարկել որպես բոլոր հիվանդություններից պաշտպանող միջոց։

Վիտամին D-ի մասին կարծիքները, առհասարակ, տարբեր են ու երբեմն՝ շատ իրարամերժ։ Այս վիտամինը որպես քննություն, այսինքն՝ որպես անալիզ սկսել են որոշել մի քանի տարի առաջ միայն։ Մինչ այդ ընդունված չէր որոշել մարդկանց մոտ այս վիտամինի մակարդակը, չնայած որ մինչ այս էլ երկար տարիներ շարունակ մենք փոքր երեխաներին վիտամին D տալիս էինք՝ կանխարգելիչ նպատակներով, քանի որ հայտնի է, որ վիտամին D -ի պակասը երեխաների մոտ ոտքերի, ոսկորների ծռվածություն, ոսկրերի փափկություն կարող է առաջացնել ՝ հանգեցնելով ռախիտի զարգացման։ Ժամանակին վիտամին D-ն տալիս էին նաև հյուսիսում ապրող մարդկանց, անգամ հին լուսանկարներ կան, որոնցում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզում երեխաները կանգնել ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպի շուրջը՝ այս վիտամինը ստանալու համար։

-Իսկ այժմ, կարծես, ամբողջ աշխարհում է այս վիտամինի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել, ու շատերը ձգտում են պարզել իրենց օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը, լրացնել այն՝ անբավարար լինելու դեպքում։ Ինչո՞ւ է մեր օրերում այսքան շատ հանդիպում այս վիտամինի անբավարարությունը մարդկանց մոտ։

-Դա շենքաշինության, ժամանակակից նստակյաց կյանքի հետևանքն է, մարդիկ  առավոտյան գնում են աշխատանքի, նստում փակ տարածքներում, երեկոյան գալիս տուն՝ այդպես էլ արևի երես չտեսնելով։ Անգամ ամենաարևային երկրներում մարդն արևի տակ չի լինում։ Նույն իրավիճակն է երեխաների դեպքում․ նախկինում հատկապես արձակուրդի ընթացքում նրանք ժամերով խաղում էին բակում, իսկ այսօր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում են տանը՝ հեռախոսների, համակարգիչների կամ հեռուստացույցի առջև։

Իսկ վիտամին D-ն հնարավոր չէ օրգանիզմում նախօրոք պաշարել։ Օրինակի համար, մարդն ասում է՝ ես տարին 2 անգամ գնում եմ ծով, արևայրուք եմ ընդունում, դա ինձ բավարար է ամբողջ տարվա համար, բայց իրականում այդպես չէ․ մարդը չի կարող իր օրգանիզմում վիտամին D-ն ամիսներով կուտակել այնպես, որ հետագայում ամբողջությամբ բավարարի իր պահանջարկը։ Այդ պատճառով արևի հետ կանոնավոր շփումն անհամեմատ ավելի կարևոր է, քան տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ ինտենսիվ արևայրուքը։

-Ստացվում է՝ մարդը գրեթե ամեն օր պետք է վիտամին D ստանա․ որո՞նք են հիմնական աղբյուրները։

-Հիմնական աղբյուրը, իհարկե, արևն է։ Ճիշտ է, ուտելիքի մեջ էլ կա, օրինակ՝ ճարպոտ ձկների, ձողաձկան լյարդի մեջ՝ մեծ քանակությամբ, ձվի դեղնուցի մեջ՝ ավելի քիչ, բայց այդ ամենը պետք է կիլոգրամներով ուտել՝ օրական նորման լրացնելու համար, և այդ չափով նման ճարպոտ սննդի ընդունումը օրգանիզմին ավելի շատ  վնաս կտա, քան օգուտ։ Ուստի արևը համարվում է բնական ճանապարհով վիտամին D-ի ստացման համար ամենահուսալի աղբյուրը։

-Ինչպե՞ս է օրգանիզմը սինթեզում վիտամին D-ն արևի ազդեցության ներքո։ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի այն սինթեզվի բնական ճանապարհով։

-Չեմ ուզում բարդ ձևով նկարագրել արևի ազդեցությամբ վիտամին D-ի սինթեզումը, միայն նշեմ, որ երբ մաշկը ենթարկվում է արևի ուլտրամանուշակագույն B (UVB) ճառագայթների ազդեցությանը, մաշկում առկա 7-դեհիդրոխոլեսթերինը փոխակերպվում է նախավիտամին D₃-ի, որը վերածվում է վիտամին D₃-ի (խոլեկալցիֆերոլ) ՝ լյարդում դառնալով 25-հիդրօքսիվիտամին D (25(OH)D, կալցիդիոլ)։ Հենց այս ձևն էլ որոշվում է արյան անալիզով՝ օրգանիզմում վիտամին D-ի պաշարները գնահատելու համար։

Այնուհետև կալցիդիոլը տեղափոխվում է երիկամներ, որտեղ էլ վերածվում է ակտիվ հորմոնային ձևի, որն էլ մենք օգտագործում ենք։  Այս ձևն էլ նպաստում է կալցիումի և ֆոսֆորի ներծծմանը, ոսկրերի ամրացմանը և մի շարք այլ ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորմանը։

Արևի ազդեցությամբ օրգանիզմում վիտամին D-ի առաջացման արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից, օրինակ՝ մարդու մաշկի գույնից․ մուգ մաշկ ունեցող մարդիկ ավելի քիչ են ընկալում ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Նշանակություն ունի աշխարհագրական լայնությունը, այսինքն՝ որտեղ ես ապրում։ Արևի ճառագայթի անգամ անկյունը կարևոր է․ այն պետք է 45 և ավելի լինի։ Այս առումով մեր երկրում ակտիվ վիտամին D-ի սինթեզման համար պայմաններն իդեալական են։ Կապ ունի նաև տարվա եղանակը, օրվա ժամը․ ամենաարդյունավետը՝ կեսօրին մոտ է սինթեզվում, ինչպես նաև տարիքը, մաշկի բաց հատվածների մակերեսը և այլն։

Ընդհանուր առմամբ, ամռան ամիսներին դեմքի, ձեռքերի կամ ոտքերի 15–30 րոպեանոց արևային ազդեցությունն էլ շատ մարդկանց համար  բավարար է վիտամին D-ի սինթեզի համար՝ կախված վերոնշյալ գործոններից։

-Այսօր շատ է խոսվում արևապաշտպան միջոցների օգտագործման կարևորության մասին, արդյո՞ք դրանք չեն արգելափակում վիտամին D-ի սինթեզումը։

-Արևն, իհարկե, շատ կարևոր է, վիտամին D-ի սինթեզման գործում, բայց կան հետազոտություններ, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ կարող են առաջանալ մաշկային տարբեր խնդիրներ՝ պիգմենտացիայի առաջացումից, վաղաժամ ծերացումից մինչև մաշկի քաղցկեղ։ Ուստի շատ կարևոր է արևապաշտպան միջոցների օգտագործումը, քանի որ երբ դնում ես կշեռքին, թե ո՞րն է ավելի առաջնային՝ մաշկի քաղցկեղից պաշտպանվե՞լը, թե վիտամին D ստանալը, բնականաբար նժարն առաջինի կողմն է թեքվում, թեև նշեմ, որ այնպես չէ, որ այդ միջոցներն ամբողջովին արգելափակում են վիտամին D սինթեզելու հնարավորությունը․ այսպես թե այնպես, բարենպաստ պայմանների դեպքում մարդն, անգամ արևապաշտպան միջոցներ օգտագործելով, վիտամին D ստանում է։

-Իսկ հատկապես ովքե՞ր են ռիսկի խմբում գտնվում՝ ավելի հաճախ ունենալով վիտամին D-ի պակաս։

-Երեխաները, հղի կանայք, 70-ից բարձր տարիքի մարդիկ, ճարպակալում ունեցող մարդիկ, քանի որ ենթադրվում է, որ վիտամին D-ն կուտակվում է հենց ճարպային հյուսվածքներում։ Ռիսկի խմբում են նաև աղեստամոքսային համակարգի  հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ ներծծման խնդիր ունեցող մարդիկ։ Մենք հանդիպում ենք պացիենտների, որոնց նշանակում ես վիտամին D, խմում են երկար ժամանակ, բայց՝ անօգուտ, ու պարզվում է, որ ունեն ներծծման խնդիր՝  ցելիակիա, գլուտենային կամ լակտոզի անտանելիություն, կամ այլ պատճառներ։

– Անհրաժե՞շտ է արդյոք պարբերաբար ստուգել վիտամին D-ի մակարդակը։

-Շատ հաճախ մարդը գալիս է ու ասում՝ ունեմ գլխացավ, հոգնածություն, քնկոտություն, տրամադրության անկում, գլխացավեր, կարո՞ղ է վիտամին D -ն ինձ մոտ ցածր է, սակայն նշեմ, որ այդ ախտանշանները կարող են նաև այլ խնդիրների դեպքում էլ լինել, ասենք ՝ քրոնիկ հոգնածության, հիպոթիրեոզի, նևրոզի դեպքում և այլն։ Ըստ ուղեցույցների՝ կարիք չկա 18-ից 70-տարեկան մարդկանց շրջանում վիտամին D որոշել, եթե նրանց մոտ չկա հիպոկալցեմիա։ Եթե մարդն ունի մկանային լարվածություն, ոտքերի ցավ կամ ջղակծկումներ,  առաջին հերթին ստուգում ենք կալցիումը, և երբ բացահայտվում է արյան մեջ կալցիումի ցածր մակարդակ, անցնում ենք վիտամին D-ի որոշմանը։

– Երբ վիտամին D-ի հավելումներ ընդունելու անհրաժեշտություն է առաջանում, ինչպե՞ս ընդունել այդ հավելումները, որպեսզի դրանք լավ ներծծվեն։ Ի՞նչ տարածված սխալ պատկերացումներ կան այս հարցում։

-Հիմա տարածված միֆ կա, որ վիտամին D-ն պիտի անպայման վիտամին K-ի հետ ընդունես։ Այդպիսի ցուցում ես միայն ճապոնական ուղեցույցներում եմ հանդիպել, սակայն միջազգային ոչ մի ուղեցույց չի ասում, որ վիտամին D-ն պիտի անպայման K-ի հետ ընդունել, որ լավ յուրացվի։Կարծում եմ՝ ճապոնացիների մոտ դա ուղղակի կոմերցիոն հնարք է։

Մեկ այլ տարածված միֆ կա, որ պիտի անպայման մինչև ժամը 12։00-ը խմես, այդպիսի բան չկա։ Պետք է խմել պարզապես ուտելուց հետո կամ ուտելու ընթացքում, ինչո՞ւ, որովհետև լինելով ճարպալույծ՝ վիտամին D-ն սննդի հետ ավելի լավ է յուրացվում։ Ի դեպ, նաև միֆ է այն օմեգա-3-ի, կարագի կամ թթվասերի հետ ընդունելը, քանի որ յուրաքանչյուր ուտելիքի մեջ էլ մի քիչ ճարպ կա, սովորական հաց ու պանիրն էլ որ ուտես, այդքան ճարպը բավարար է, որ վիտամինը ներծծվի։ Այսինքն՝ ամեն օր կարիք չկա հավելյալ թթվասեր ու կարագ ուտելու, ինչ է թե՝ վիտամին D-ն ավելի լավ ներծծվի։

-Մարդը կարո՞ղ է, այսպես ասած, իր հոգու հանգստության համար վիտամին D-ի հավելումներ ընդունել՝ առանց հատուկ ցուցումի կամ բժշկի նշանակման։

– Եթե մարդն ուղղակի ուզում է վիտամին D-ի հավելումներ խմել՝ անբավարարության զարգացումը կանխելու նպատակով, ապա մեծահասակների համար ոչ ավելի, քան օրական 800-ից-1000 միջազգային միավոր կարող եմ խորհուրդ տալ։ Սակայն գրագետ մոտեցումը բժշկի կողմից նշանակումն է։ Օրինակ՝ տարածված կարծիք, միֆ կա, որ վիտամինները շատ չեն լինում, բայց, ընդհակառակը, մասնավորապես վիտամին D-ի դեպքում գերդոզավորումը շատ ավելի վտանգավոր է, որը կարող է բերել հիպերկալցիեմիայի, այսինքն արյան մեջ կալցիումի ավելցուկի՝ այդպիսով ավելի մեծ վնաս հասցնելով օրգանիզմին, ընդհուպ մինչև սրտի կանգ առաջացնելով։

Ես ուզում եմ ընդգծել, որ վիտամին D-ի հավելումների ընդունման հարցում շատ կարևոր է բժշկի կողմից տվյալ պացիենտին անհատական մոտեցումը․ բժիշկն է որոշում՝ նպատակահարմար է նրան նշանակել ամենօրյա դոզաները, թե շաբաթական մեծ դոզա, գուցե այդ մարդուն ամիսը մեկ կատարվող ներարկումնե՞ր են հարկավոր։

Օրինակ՝ արյան անալիզով մարդու մոտ 25 (OH)-ը կարող է նորմալ լինել, բայց մարդու օրգանիզմում տեղի չունենա ակտիվ վիտամին D-ի փոխակերպումը, քանի որ նրա մոտ կա երիկամի խնդիր, ասենք՝ քրոնիկ երիկամային անբավարարություն, կամ մարդը դիաբետով հիվանդ է և դիալիզ է ստանում, կամ ունի հիպոպարաթիրեոզ և այլն, ուստի այդպիսի պացիենտներին պետք է տալ ոչ թե խոլեկալցիֆերոլը, այլ նա պետք է միանգամից ակտիվ վիտամին D ստանա։ Ահա թե ինչու է կարևոր այս վիտամինի ընդունման հարցում մասնագիտական ճիշտ մոտեցումը։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment