Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում

Բաժանորդագրվել

Խմբային փուլի առաջին խաղում ՀՀ հավաքականը 98:62 հաշվով հաղթել էր Անդորրայի հավաքականին։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է փայլուն ելույթները Երևանում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ երկրորդ խաղում 109:56 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։

Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 37 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 13 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում։ Բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել նաև Դմիտրի Հաճյանը, որը գրանցել է 27 արդյունավետության գործակից (EFF), վաստակել է 23 միավոր, կատարել է 3 ռեբաունդ և 4 արդյունավետ փոխանցում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Մ16 հավաքականը մրցաշարի երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ Սպորտի կառավարման կենտրոնում մրցելով Մալթայի հավաքականի դեմ։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ։

Հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվում է Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը։ Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականները:

Leave a comment