Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ Իրանի դեմ պատերազմն արդարացված չէր․ FT

ԱՄՆ քաղաքացիների 58%-ը կարծում է, որ Իրանի դեմ պատերազմը չի արդարացրել դրա համար կատարված ծախսերը։ Այս մասին են վկայում Financial Times-ի պատվերով Focaldata ընկերության անցկացրած հարցման արդյունքները։

Հարցվածների 44%-ի կարծիքով՝ պատերազմից հետո ԱՄՆ-ի դիրքերը Իրանի նկատմամբ թուլացել են, մինչդեռ 31%-ը կարծում է, որ հակամարտությունը, հակառակը, ամրապնդել է Վաշինգտոնի դիրքերը։

Ինչ վերաբերում է դիվանագիտական գործընթացին, ապա հարցման մասնակիցների 66%-ը նշել է, որ Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կամ գրեթե որևէ ազդեցություն չի ունենա Մերձավոր Արևելքի կայունության վրա, կամ էլ կխորացնի անկայունությունն ու կբարձրացնի նոր հակամարտության հավանականությունը։

Հարցման արդյունքների համաձայն՝ Դոնալդ Թրամփի գործունեությունը նախագահի պաշտոնում ընդհանուր առմամբ հավանության է արժանացնում ընտրողների 36%-ը։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ անցկացված նույն հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 53%-ը կողմ է, որպեսզի ԱՄՆ-ը շարունակի անդամակցել դաշինքին, մինչդեռ 23%-ը կարծում է, որ երկիրը պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment