Այսօր՝ հուլիսի 5-ը, մեզ համար տոնական է․ 1995 թվականի հուլիսի 5-ից հայկական տոնացույցում օրը ներառվեց որպես ՀՀ Սահմանադրության օր։ Սահմանադրության ընդունման 31-րդ տարին սակայն ոչ թե ուրախության, պարծանքի ու տոնի, այլ լուրջ մտահոգության առիթ է․ մայր օրենքը իշխանությունների կողմից ոչ միայն արհամարհված է, այլև բազմիցս նենգափոխվել ու ոտնահարվել է՝ դառնալով զուտ ձևական փաստաթուղթ։ Այնինչ Սահմանադրությունը պետության և ժողովրդի կենսագործունեության հիմնասյունն է։
MediaHub-ի հետ զրույցում սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը մեջբերեց ԱՄՆ հիմնադիր նախահայրերից Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը․ «Պետության գոյի դեմ ուղղված մեծագույն վտանգը երկրի Սահմանադրությունն արհամարհող իշխանությունն է»։
Ըստ նրա՝ հենց այդ միտքը մեզ համար այսօր մարգարեական է դարձել, որովհետև ՀՀ իշխանության կողմից Սահմանադրության դեմ իրականացված քայլերն ի վերջո դեպի պետության ոչնչացում են տանում։
«Այն, որ այս իշխանությունը երկրի Սահմանադրությունն առնվազն արհամարհում է՝ սկսած դրա հիմնարար սկզբունքներն անտեսելուց ու նենգափոխելուց, վերջացրած սևուսպիտակի վրա գրված դրույթների շրջանցումից, իրողություն է, ու դա ապացուցող շատ դեպքեր կարելի է հիշել։ Մենք ականատես ենք եղել այդպիսի մի շարք մտահոգիչ իրադարձությունների։ Դրանց մեկնարկը տրվեց հենց դատական իշխանության նկատմամբ գործադիրի միջամտություններով, հակասահմանադրական բնույթի սահմանադրական և իրավական փոփոխություններով, ՍԴ-ի դատավորներին հակաօրինական եղանակով դատարանից հեռացնելով։ Այդ իրադարձությունների կուլմինացին կարող ենք համարել երեկվա Սահմանադրական դատարանի որոշումը․ չնայած նրան, որ ընտրական գործընթացին մասնակցող յոթ քաղաքական ուժերը խնդիրը արձանագրել էին ու բարձրացրել ընտրական գործընթացի լեգիտիմության վերաբերյալ հարցը, այնուամենայնիվ, ՍԴ-ն ԿԸՀ-ի որոշումը թողեց անփոփոխ։ Յուրաքանչյուր օբյեկտիվ և քիչ թե շատ իրազեկված քաղաքացու տեսանկյունից դա խնդրահարույց և հակաիրավական բնույթի որոշում է։ Տեղին է հայտնի լատինական ասացվածքը՝ Fiat justitia, et pereat mundus, որը հայերեն նշանակում է՝ թող արդարությունը կատարվի, թեկուզ երկինքը փլվի։ Այս թևավոր խոսքը շատ է կիրառվում իրավաբանության մեջ այն նշանակությամբ, որ օրենքը պետք է հավասարապես բոլորի համար կիրառվի, արդարադատությունը չպետք է ենթարկվի քաղաքական կամ այլ ճնշումների և սկզբունքները չպետք է զոհաբերվեն հանուն կարճաժամկետ այս կամ այն շահի»,- իր մտահոգությունը հայտնեց սահմանադրագետը, որի համար Սահմանադրության օրը պետական տոներից ամենախորհրդանշականն է, և Սահմանադրական դատարանը, որի առաքելությունը պետք է լինի մեր երկրում սահմանադրականության և սահմանադրական մշակույթի հիմնումն ու երաշխավորումը, շենքից սկսած, իր բարձր դատարանի էությամբ ու նշանակությամբ գերագույն արժեք են նրա համար։
Գոհալ Մելոյանը մեր պետության համար լուրջ մարտահրավեր է համարում փոփոխված Սահմանադրության ընդունումը, ինչը նրա համոզմամբ, արտաքին միջամտությամբ մեր պետության հիմքերը խարխլելու նպատակ ունի․ «Դա հերթական մեծագույն վտանգն է, որը դամոկլյան սրի պես կախված է հայ ժողովրդի, մեր սահմանադրական մշակույթի, մեր պետության վրա»։
Հարցին՝ խորհրդարանում մանդատները վերցրած ընդդիմության («Ուժեղ Հայաստանն» արդեն հայտարարել է, որ վերցնելու է մանդատները) ներկայությունը կկարողանա՞ կանխել այդ սպառնալիքը, մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ իշխող կուսակցության միանձնյա ձայները չեն բավարարի սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու համար։ «Մեր Սահմանադրությամբ՝ սահմանադրական փոփոխության վերաբերյալ ԱԺ որոշում-նախագիծը կարող է ընդունվել 2/3 ձայների առկայության դեպքում, իսկ ընդդիմության՝ մանդատները վերցնելու դեպքում իշխանական պատգամավորները միանձնյա չեն կարող ապահովել այդքան ձայների քանակը։ Խորհրդարան անցնելու մեր հիմնական օրակարգերից մեկը հենց դա է, ինչպես երեկ մեր հայտարարությունում հռչակեցինք՝ ընդդիմությունը պետք է նաև այդ կերպ թույլ չտա, որ ալիևյան սահմանադրության ընդունման օրակարգը իրականություն դառնա»։
Այդուհանդերձ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը չի բացառում, որ իշխանությունն այս անգամ ևս չկաշկանդվի նոր կարմիր գծեր հատելու և Սահմանադրության մեջ հակասահմանադրական փոփոխություններ կատարելու գործում։ Նա հիշում է, թե ինչպես 2020 թվականի հունիսին Սահմանադրական դատարանի դատավորներին շուրջ մեկ տարի անընդմեջ ճնշումներից ու միջամտություններից հետո անօրինականորեն ուղարկեցին թոշակի՝ նրանց փոխարեն իշխանություններին հարմար դատավորների նշանակելով։
«Դատավորների ընտանիքներ մտնելուց, հակասահմանադրական բնույթի օրենսդրական նախագծերով նրանց կաշառելու փորձերից հետո, այնուամենայնիվ, ձերբազատվեցին այդ մարդկանցից՝ դադարեցնելով նրանց լիազորությունները։ Կհիշեք ՍԴ դատավորներին բարձր կենսաթոշակներ նշանակելու մասին նախագիծը, որին այդ դատավորները տուրք չտվեցին և ոչ էլ ընկրկեցին իշխանական ճնշումներից։ Ես ուզում եմ այդ դատավորների Սահմանադրության տոնը շնորհավորել, համոզմունք ունեմ, որ նրանք դառնալու են դասագրքային օրինակ, թե ինչպիսին պիտի լինի առաքինի, իրավական պետության սկզբունքներին հավատարիմ դատավորը՝ պատրաստ անցնելու հրի ու սրի միջով։ Հենց այստեղ է ճգնաժամը, որ այս իշխանությունը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նենգափոխում է սահմանադրական ցանկացած իրավական նորմ՝ «ինչպես կուզեմ՝ կմեկնաբանեմ» սկզբունքով, յուրաքանչյուր անգամ ամենաչճկվող ու կայուն սահմանադրական իրավական նորմը մեկնաբանում ու հարմարեցնում է իր քաղաքական նպատակներին։ Նա չէ՞ր հայտարարում՝ կա՞ արդյոք այնպիսի դատավոր, որը չկատարի վարչապետի որոշումը կամ հրամանը, նա՞ չէր իր քմահաճույքով դատարաններ շրջափակում։ Սրանք իրավական ճգնաժամի ամենացցուն օրինակներն են ու ապացույցները»,- խոսքը եզրափակեց Գոհար Մելոյանը։
Զրուցեց՝ Թագուհի Ասլանյանը