Թանգարանի պաշտոնական վերաբացումը նշանավորվել է Հայաստանում առաջին գործվածքի թանգարանի գործունեության ազդարարմամբ

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես է գալիս նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։

Վերականգնման աշխատանքների ավարտից հետո այսօր տեղի է ունեցել թանգարանի պաշտոնական վերաբացումը, որը նշանավորվել է Հայաստանում առաջին գործվածքի թանգարանի գործունեության ազդարարմամբ։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, Հովհաննես Շարամբեյանի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Թանգարանի շենքը վերականգնվել է ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թանգարանի բացման առիթով՝ նշելով, որ ներդրված ջանքերը ցանկալի արդյունք են ապահովել. «Այս հրաշալի թանգարանային միջավայրն ամենաարժանի նվերն է Հովհաննես Շարամբեյանի հարյուրամյակին: Սա նաև մեր երախտիքն է Շարամբեյանի հիշատակին, ինչպես նաև հանձնառությունը՝ շարունակելու նրա սկսած մեծ գործը։

Թանգարանի շենքը պատմության և մշակույթի հուշարձան է, որի վերականգնման աշխատանքներն իրականացվել են ամենայն զգուշությամբ և նրբանկատությամբ՝ հաշվի առնելով պատմական շենքի պահպանման բոլոր կանոնները»:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment