Կրթության ոլորտը մշտապես հայտնվում է քննարկումների կենտրոնում, քանի որ դրանում պարբերաբար կատարվող փոփոխություններն օգնելու փոխարեն ավելի հաճախ խանգարում են ոլորտի զարգացմանը։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ փորձեցինք առանձնացնել դպրոցական և բուհական համակարգերում վերջին շրջանում աչքի զարնող մի քանի խնդիրներ։ Օրինակ՝ վերջերս հանրային քննարկման ներկայացվեց նախագիծ, որով, ըստ դրա հիմնավորման, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի փոխարեն 5-րդ դասարանից կդասավանդվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկան։
Ընդ որում՝ նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե ինչ ծավալով է նոր անունով առարկայի մեջ պահպանվելու զինվորական պատրաստությանը վերաբերող հատվածը։ «Այս պահի դրությամբ հայտնի է միայն վերնագիրը, բովանդակության մասին շատ բան հայտնի չէ։ Ուղղակի կարելի է ենթադրություններ անել, բայց մինչև բովանդակությունը պարզ չլինի, որպես մասնագետ՝ ոչ մի բան չես կարող ասել։ Այո, անվտանգությունը կարևոր է, բայց նոր առարկան գալիս է փոխարինելու նրան, ինչ հիմա ունե՞նք, թե՞ ոչ։ Սա է անհասկանալի, գուցե լրացնելու է, գուցե ամբողջությամբ փոխելու է, որն արդեն մտահոգիչ կարող է լինել։ Այն առարկան՝ ՆԶՊ-ն, որը հիմա ունենք դպրոցներում, շատ օգտակար է հատկապես մեր պատանիների համար, որոնք նախապատրաստվում են ժամկետային ծառայությանը, բանակին։ Նրանք տիրապետում են զենքին, նախնական զինվորական պատրաստությունն իրենց համար շատ լավ հիմք է, որպեսզի հետագայում արագ ինտեգրվեն հայկական բանակում ծառայությանը։ Այս նոր առարկան ենթադրաբար կարող է աղետներին, առողջությանը վերաբերել։ Եթե անգամ այն ինչ-որ չափով ներառի նախնական զինվորական պատրաստության թեմաները, բարդ կլինի առարկային հատկացված դասաժամի ընթացքում հասցնել անդրադառնալ բոլոր կարևոր հարցերին։ Այս գաղափարը տեղավորվում է գործող կառավարության այն կոնցեպցիայի մեջ, որ մեզ մեծ բանակ պետք չէ, փոքր բանակը լրիվ հերիք է, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, մենք չենք կարող կռվել Թուրքիայի բանակի դեմ։ Կարծում եմ՝ այս տրամաբանությունն է դրված կրթության համակարգում՝ մարդկանց ուղեղների մեջ այդ ամենը ներարկելու և նրանց դրան ընտելացնելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։
Դպրոցականների շրջանում նաև մեծ իրարանցում է առաջացրել իններորդ դասարանի «Պատմություն» և «Գրականություն» առարկաներից ինտեգրված էսսե գրելու որոշումը։ Հիմնական դժգոհությունը նաև այն է, որ հանձնարարվող թեմաները երբեմն ծանոթ չեն լինում աշակերտներին։ «Շատ ահազանգեր ունեմ ուսուցիչներից։ Նրանք պատրաստ չեն դրան։ Ինձ հարցնում են՝ ինչպե՞ս կարելի է երեխաներին սովորեցնել ինտեգրել գրականությունը և պատմությունը։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան արված է դպրոցում առանց նախապատրաստության, մասնագետների վերապատրաստումների, նույնիսկ ուղեցույցների, որ ուսուցիչներն իմանային, թե ինչ պետք է անեն, հետո սովորեցնեին երեխաներին։ Դա, ըստ էության, հիմա դարձել է մեխանիկական ինչ-որ գործընթաց։ Գնահատման չափանիշ չկա, ո՛չ ուսուցիչը գիտի դրա մասին, ո՛չ երեխան, ծնողի մասին էլ չենք խոսում։ Խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, և հիմա չգիտեն՝ այն, ինչ սովորում են գրականության և պատմության դասաժամերին, ինչպե՞ս կարելի է ինտեգրել և մեկ էսսեի ձևով ներկայացնել։ Ոչ ոք դրանից գլուխ չի հանում»,-նկատում է մեր զրուցակիցը։
Դժգոհությունները շատ են նաև բուհերի ընդունելության քննություններից։ «Այնպես, ինչպես ընդունելության քննություններն անցկացրել ենք խորհրդային ժամանակ, երբ ունեցել ենք պլանային տնտեսություն, այլևս չի կարելի շարունակել։ Պետք է առաջ գնալ և թույլ տալ, որպեսզի բուհերն իրենք ընտրեն իրենց ուսանողներին։ Դպրոցի գործը պետք է լինի ստուգել գիտելիքները և շրջանավարտներին տալ գնահատականներով հավաստագիր, դրանից հետո պետությունը պետք է մի կողմ քաշվի։ Համալսարանները պետք է հայտարարեն իրենց նվազագույն շեմը, և մեր դիմորդները դպրոցներից վերցրած իրենց գնահատականներով պետք է գնան այս կամ այն բուհը։ Թե ինչպես նրանք կընդունվեն, բուհերը պետք է որոշեն։ Պետությունը սահմանում է ինչ-որ տեղեր, քննություններ կազմակերպում, երեխաները տանջվում են, պարապում, ընդունվում, լավ սովորում և ավարտում են, դրանից հետո գնում են նույն պետության մոտ, ասում են՝ քո «տված ձևերով» ամեն ինչ ճիշտ արել եմ, լավ սովորել եմ, գերազանցությամբ ավարտել եմ, հիմա ի՞նչ անեմ, աշխատանք տալո՞ւ ես, պետությունն ասում է՝ չէ, ես իմ ձեռքերը լվանում եմ։ Այս գաղափարախոսությունը պետք է գլխիվայր շուռ տալ և անել այնպես, ինչպես առաջադեմ երկրներն են անում։ Նոր հեծանիվ հնարելու կարիք չկա։ Բուհերը պետք է ընտրեն իրենց ուսանողներին, ապահովեն նրանց աշխատանքի անցնելու գործընթացը՝ գործատուների հետ համագործակցությամբ, տարբեր պրակտիկաներով և այլնով։ Պետությունը որևէ գործ չպետք է ունենա այս հարցում, չպետք է մտնի մատի և մատանու արանքը»,-հավելում է փորձագետը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: