Ընտրությունից անմիջապես հետո, հայտարարելով իբրեւ թե իր բացարձակ հաղթանակի մասին՝ իհարկե հաղթանակի հետ բացարձակ աղերս չունեցող դեմքի արտահայտությամբ, կառավարող մեծամասնությունը ձեռնամուխ եղավ Ընտրական օրենսգրքի փոփոխության: Դրա նպատակն է սահմանափակել Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը: Դրա համար նույնիսկ ապահովեցին նախընտրական քարոզչական ֆոն, թե իբր Ռուսաստանից տասնյակ եւ հարյուր հազար մարդ գալիս է ընդդիմությանը ուղղորդված քվեարկելու: Հետո պարզվեց, որ Ռուսաստանից Հայաստան եկել է նույն ծավալի մարդ, որքան նախորդ տարի, երբ չկար ընտրություն: Բայց, այս տարի պետք էր դրա վերաբերյալ ինֆորմացիոն ֆոն՝ ընտրությունից հետո ԸՕ փոխելու համար:
Ընդդիմադիր տարբեր գործիչներ արդեն նշել են, որ ընտրելու իրավունք ունեցողների շրջանակը սահմանափակելու նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարմարավետ պայման ապահովելն է, որպեսզի հնարավոր լինի այդպիսով կատարել Ադրբեջանի պայմանը՝ փոխել Սահմանադրությունն ու չեղարկել Անկախության հռչակագրին հղումը: Հասկանալի է, որ խորհրդարանի ընտրությանը անգամ 50 տոկոս չհավաքած վարչապետ Փաշինյանի համար շատ բարդ է լինելու հաղթահարել հանրաքվեների համար պահանջվող ավելի բարձր ցենզը: Այստեղ կա թերեւս ոչ միայն Ադրբեջանի պայմանը, այլ նաեւ միջազգային այն դերակատարների ճնշումը, որոնք թերեւս հենց այդ պայմանը բավարարելու ակնկալիքով էլ բացահայտ աջակցել են Նիկոլ Փաշինյանին՝ խոսքով, փողով, անգամ արագ արձագանքման խմբերով:
Այդ ամենով հանդերձ, սակայն, այս նախաձեռնությունը ունի թերեւս մեկ այլ՝ առավել խորքային մի մոտիվ, որի մասին չի խոսվում, մինչդեռ՝ արժե: Սահմանափակելով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, Հայաստանի կառավարությունը կտրում է Հայաստան-Սփյուռք օրգանական կապի եւս մի թել: Իսկ դա տեղի է ունենում թերեւս Հայաստանը «կրծքանշանի» շրջանակում սեղմելու քաղաքականության համատեքստում: Հայկական Սփյուռքը մշտապես անհանգստացրել ու անհանգստացնում է Ադրբեջանին ու Թուրքիային: Որովհետեւ Հայաստանը մի պետություն է սփյուռքի հետ օրգանական աշխատանքի պայմաններում, մեկ այլ պետություն՝ առանց դրա: Ավելի շուտ, առանց դրա Հայաստանը հենց պարզապես դե ֆակտո միայն կրծքանշան է:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: