Միջազգային հետազոտական խմբի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացումը ջերմային սթրեսն ուժեղացնում է ավելի արագ, քան ցույց են տալիս սովորական ջերմաստիճանային չափումները։ Առավել մտահոգիչ է այն փաստը, որ տարվա ամենաշոգ գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ամենաշոգ օրերը՝ մարդու օրգանիզմին զրկելով ցերեկային շոգից հետո վերականգնվելու հնարավորությունից։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Climate Change գիտական ամսագրում։ Գիտնականները ջերմային սթրեսի փոփոխությունները գնահատել են Ջերմային կլիմայի համընդհանուր ինդեքսի (UTCI, Universal Thermal Climate Index) միջոցով, որը հաշվի է առնում ոչ միայն օդի ջերմաստիճանը, այլև օդի խոնավությունը, քամու արագությունը և արևային ճառագայթումը։ Այդ պատճառով UTCI-ն շատ ավելի ճշգրիտ է արտացոլում այն պայմանները, որոնց իրականում ենթարկվում է մարդու օրգանիզմը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր տարվա 10 ամենաշոգ գիշերների ջերմային սթրեսը միջինում աճում է 0,32 °C-ով յուրաքանչյուր տասնամյակում, մինչդեռ 10 ամենաշոգ օրերինը՝ 0,27 °C-ով։ Սա նշանակում է, որ գիշերային շոգն ուժեղանում է ավելի արագ, ինչի հետևանքով մեծանում են օրգանիզմի գերտաքացման, սրտանոթային բարդությունների և մահացության ռիսկերը, հատկապես տարեցների և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում։
Առավել զգալի փոփոխություններ են արձանագրվել մերձարևադարձային գոտիներում։ Այսօր Հյուսիսային Ամերիկայի հարավային հատվածը, Հարավային Եվրոպան, Աֆրիկայի հյուսիսն ու հարավը, ինչպես նաև Հարավային Ամերիկան 1970-ականների համեմատ ունեն մինչև 50 լրացուցիչ օր՝ ուժեղ կամ ծայրահեղ ջերմային սթրեսով։
Հետազոտության հեղինակները նաև հաշվարկել են, որ Երկրի բնակչության այն մասնաբաժինը, որը տարվա ընթացքում առնվազն մեկ օր ենթարկվում է ծայրահեղ ջերմային սթրեսի, աճել է 16%-ից մինչև 22%։ Սա նշանակում է, որ վերջին տասնամյակների ընթացքում ռիսկային խմբին ավելացել է մոտավորապես ևս մեկ միլիարդ մարդ։
Գիտնականների գնահատմամբ՝ խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել առանձին շոգի ալիքների շրջանակներից։ Ջերմային սթրեսը գրեթե բոլոր մայրցամաքներում դարձել է ավելի հաճախակի, ավելի երկարատև և ավելի ինտենսիվ։ Այդ պատճառով նրանք կոչ են անում ակտիվորեն ներդնել վաղ նախազգուշացման համակարգեր, մշակել շոգից բնակչության պաշտպանության ծրագրեր, ձևավորել ավելի զով քաղաքային միջավայր և կլիմայական ռիսկերի գնահատման ժամանակ լայնորեն կիրառել ջերմային սթրեսի ցուցանիշները։