Հռոմ – ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից ուրբաթ օրը հրապարակված նոր տվյալների համաձայն՝ համաշխարհային պարենային ապրանքների գների հենանիշային ցուցանիշը փոքր-ինչ նվազել է հունիս ամսին, քանի որ հացահատիկային մշակաբույսերի, շաքարի և կաթնամթերքի միջազգային գների անկումը գերազանցել է բուսական յուղերի և մսի գների աճը։
ՊԳԿ-ի պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետևում է համաշխարհային շուկայում առևտրի առարկա հանդիսացող պարենային հիմնական ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին, 2026 թվականի հունիսին կազմել է միջինում 130.3 միավոր, ինչը 0.3 տոկոսով ցածր է մայիս ամսվա ցուցանիշից, սակայն 2.2 տոկոսով բարձր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակից։
«Չնայած 2026 թվականի հունիս ամսին պարենային ապրանքների միջազգային գների ընդհանուր հենանիշային ցուցանիշը փոքր-ինչ նվազել է, առանձին ապրանքային շուկաները շարունակում են տարբեր կերպ արձագանքել փոփոխվող գործոններին։ Աճող անորոշությամբ բնութագրվող համաշխարհային միջավայրում թափանցիկ շուկաները, ժամանակին հասանելի տեղեկատվությունը և կանխատեսելի համաշխարհային առևտուրը շարունակում են առանցքային նշանակություն ունենալ պարենային անվտանգության բարձրացման և գյուղատնտեսական պարենային համակարգերի դիմակայունության ամրապնդման համար», – նշել է ՊԳԿ առևտրի և շուկայի վարչության տնօրեն Բուբաքեր Բեն Բելհասենը։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մայիս ամսվա համեմատ նվազել է 3.5 տոկոսով՝ պայմանավորված եգիպտացորենի և ցորենի միջազգային գների նվազմամբ, սակայն այն շարունակում է 2.7 տոկոսով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։
Ցորենի համաշխարհային գները նվազել են 4.4 տոկոսով, քանի որ Սևծովյան տարածաշրջանում բերքահավաքի արագ ընթացքը և առաջարկի բարենպաստ հեռանկարները գերազանցել են Ավստրալիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում բերքի հեռանկարների վերաբերյալ մտահոգությունների ազդեցությանը։ Գների լրացուցիչ անկմանը ճնշում են գործադրել ԱՄՆ դոլարի արժևորումը և էներգետիկ շուկաներում գների անկումը՝ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության հնարավոր նվազման ակնկալիքների ֆոնին։
Եգիպտացորենի համաշխարհային գները նվազել են 6.2 տոկոսով՝ արտացոլելով Հարավային Ամերիկայի արտահանող երկրներում բավարար մատակարարումների հեռանկարները և էթանոլի նկատմամբ պահանջարկի թուլացումը։ Ի հակադրություն, ՊԳԿ բրնձի բոլոր տեսակների գնային ինդեքսը հունիս ամսին աճել է 3.2 տոկոսով՝ պայմանավորված Ասիայում «Ինդիկա» տեսակի բրնձի նկատմամբ պահանջարկի ուժեղացմամբ, մինչդեռ եղանակային պայմանների վերաբերյալ մտահոգությունները ինչպես նաև արտադրության, տեղափոխման և իրացման բարձր ծախսերը նպաստել են ոչ բուրավետ բրնձի տեսակների գների պահպանմանը։
Ի տարբերություն դրան, ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը մայիս ամսվա համեմատ աճել է 3.8 տոկոսով։ Արմավենու և կանոլայի յուղերի միջազգային գնանշումների բարձրացումը, որին նպաստել են կենսավառելիքի պարտադիր օգտագործման քաղաքականությամբ պայմանավորված պահանջարկի աճը և արևածաղկի յուղի գների ընդհանուր կայունությունը, ավելի քան փոխհատուցել են սոյայի յուղի գների նվազումը։
ՊԳԿ մսի գնային ինդեքսն աճել է 0.5 տոկոսով՝ հասնելով պատմական նոր առավելագույն մակարդակի։ Թռչնամսի միջազգային գներն աճել են՝ մասամբ պայմանավորված ներքին շուկաներում առաջարկի ժամանակավորապես սահմանափակ մատչելիությամբ, նախկինում գրանցված գերմատակարարմանն արձագանքելու նպատակով արտադրության ճշգրտումներից հետո, մինչդեռ խոզի և տավարի մսի միջազգային գները նվազել են։
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.5 տոկոսով, ինչն արտացոլում է յուղազերծ կաթի փոշու, ամբողջական կաթի փոշու և կարագի գների անկումը: Միաժամանակ, պանրի միջազգային գները նվազել են արդեն տասնմեկերորդ ամիսն անընդմեջ, քանի որ արտահանման առաջարկը շարունակում է գերազանցել համաշխարհային ներմուծման պահանջարկին։:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը մայիս ամսվա համեմատ նվազել է 5.7 տոկոսով, ինչը պայմանավորված է Բրազիլիայում էթանոլի ներքին գների նվազմամբ, ինչպես նաև բրազիլական ռեալի արժեզրկմամբ։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանում և Թաիլանդում շաքարի արտադրության վրա Էլ Նինյո երևույթի հնարավոր ազդեցության վերաբերյալ շարունակվող մտահոգությունները զսպել են շաքարի միջազգային գների ընդհանուր անկումը։
Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նաև հրապարակել է 2026 թվականի բերքի վերաբերյալ թարմացված կանխատեսումներն իր «Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի համառոտ զեկույցում», ըստ որի՝ համաշխարհային արտադրությունը պահպանվում է պատմության մեջ երկրորդ ամենաբարձր մակարդակում, չնայած 1.9 տոկոսով ցածր է անցյալ տարվա ռեկորդային բարձր մակարդակից:
Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային ընդհանուր արտադրությունն այժմ կազմում է 2 983 միլիոն տոննա։ Խոշոր հացահատիկային մշակաբույսերի արտադրության կանխատեսումը մոտ է նախորդ տարվա մակարդակին, ինչը պայմանավորված է Արգենտինայի, Բրազիլիայի, Չինաստանի (մայրցամաքային հատված) և Զամբիայի վերջին պաշտոնական գնահատականներով, որոնք բոլորն էլ վկայում են նախկին կանխատեսումներից ավելի բարձր բերքի մասին։
Կանխատեսվում է, որ համաշխարհային ցորենի արտադրությունը կնվազի 4.3 տոկոսով՝ հասնելով 806.5 միլիոն տոննայի, քանի որ Ավստրալիայից ստացված վերջին պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Էլ Նինյոն հանգեցրել է արտադրության նվազմանը, որն այժմ վերջին հինգ տարիների միջին մակարդակից ցածր է։ Միևնույն ժամանակ կանխատեսվում է, որ համաշխարհային բրնձի արտադրությունը 2025/26 թվականների պատմական առավելագույն ցուցանիշի համեմատ կնվազի 1.8 տոկոսով։
ՊԳԿ-ն նվազեցրել է 2026/27 գյուղատնտեսական տարվա համար հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային սպառման իր կանխատեսումը՝ այն սահմանելով 2 961 միլիոն տոննա, ինչը հիմնականում պայմանավորված է ցորենի համաշխարհային օգտագործման կանխատեսվող կրճատմամբ։
2027 թվականին սեզոնի ավարտին համաշխարհային հացահատիկային մշակաբույսերի պաշարների վերաբերյալ ՊԳԿ-ի կանխատեսումը ներկայումս կազմում է 957.8 միլիոն տոննա, ինչի արդյունքում հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային պաշարների և օգտագործման հարաբերակցությունը 2027 թվականին էապես չի փոխվել և պահպանվել է 32.0 տոկոս մակարդակում։
2026/27 գյուղատնտեսական տարվա համար հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտրի վերաբերյալ ՊԳԿ-ի կանխատեսումը գրեթե անփոփոխ է մնացել՝ կազմելով 507.6 միլիոն տոննա։
Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
ՊԳԿ-ի կողմից կազմակերպվող Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (AMIS) ուրբաթ օրը հրապարակել է նաև իր ամենամսյա «Շուկայի մշտադիտարկում» տեղեկագիրը։ Գյուղատնտեսական շուկաները «ընդհանուր առմամբ կայուն» բնութագրելով՝ զեկույցում նշվում է, որ չնայած Էլ Նինյոյի հետ կապված ռիսկերը պահանջում են շարունակական ուշադրություն, ընդհանուր առմամբ բարենպաստ բերքահավաքի պայմանները, բավարար պաշարները և բերքահավաքի առաջընթացը շարունակում են ամրապնդել շուկայի տրամադրությունները։ Զեկույցում քննարկվում է նաև Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամի հնարավոր ազդեցությունը գյուղատնտեսական շուկաների վրա։
Հակամարտությունների և եղանակային ցնցումների հետևանքով 41 երկիր արտաքին պարենային աջակցության կարիք ունի
ՊԳԿ-ի գնահատմամբ՝ 41 երկիր և տարածք (ամբողջ աշխարհում, որոնցից 31-ը գտնվում են Աֆրիկայում) արտաքին պարենային աջակցության կարիք ունի: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային տեղեկատվության և վաղ նախազգուշացման համակարգի (GIEWS) կողմից այսօր հրապարակված առանձին զեկույցում:
Հակամարտություններն ու անվտանգության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ սուր պարենային անապահովության առավել ծանր մակարդակների հիմնական պատճառները։ Բացի այդ, Էլ Նինյո երևույթի հետ կապված եղանակային պայմանները, ինչպես նաև արտադրական միջոցների բարձր գները, սահմանափակում են գյուղատնտեսական արտադրության հեռանկարները Արևելյան և Արևմտյան Աֆրիկայում: Միևնույն ժամանակ կանխատեսվում է, որ Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում, որտեղ հիմնական բերքահավաքն արդեն ավարտվել է, 2026 թվականին հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը կգերազանցի իրենց վերջին հինգ տարիների միջին ցուցանիշները, իսկ մի շարք երկրներում կանխատեսվում է ռեկորդային բերքահավաք: Այս մասին նշվում է «Մշակաբույսերի հեռանկարներ և պարենային իրավիճակ» վերնագրով վերջին զեկույցում։
Ցածր եկամուտ և պարենի պակաս ունեցող ունեցող 39 երկրների շրջանում կանխատեսվում է, որ հացահատիկային մշակաբույսերի ընդհանուր արտադրությունը 2026/2027 թվականների սեզոնին կաճի 1.4 տոկոսով՝ հասնելով 129 միլիոն տոննայի, մինչդեռ այդ երկրների հացահատիկային մշակաբույսերի ներմուծման ընդհանուր պահանջարկը, ըստ կանխատեսումների, կավելանա 2.0 տոկոսով՝ հասնելով գրեթե 48 միլիոն տոննայի:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (ՊԳԿ)
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: