«Դատավոր Վահե Դոլմազյանը նույնն է, ինչ 2010 թվականին էր, ինչ 2015-2020 թվականներին էր և ինչ հիմա է»,- դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի և առանձին դատավորների հասցեին հնչեցված մի շարք որակումների վերաբերյալ հարցերին, ասաց Դոլմազյանը։
Արձագանքելով Փաշինյանի՝ «կոռումպացված համակարգ», «կաշառք վերցնող դատավորներ» ձևակերպումներին և պատասխանելով լրագրողի հարցին՝ «Դուք կաշառք վերցրե՞լ եք», Դոլմազյանն ասաց. «Շատ անիմաստ ու անխոհեմ հարց եք տալիս։ Եթե նման բան լիներ, ես դատավոր չէի աշխատի»։
Հիշեցնենք, որ Փաշինյանի կարծիքով՝ աղմկահարույց գործերով արդարացման վճիռները պայմանավորված են դատավորների ստացած կաշառքներով։
Այն հարցին, թե արդյոք նույն եռանդով, ինչպես հիմա դատում է անցանկալի անձանց, ապագայում պատրաստ կլինի դատել նաև ներկայիս իշխանության ներկայացուցիչներին, դատավորը պարզաբանեց, որ կարևոր չէ, թե ով է մեղադրյալի աթոռին, բոլորը հավասար են օրենքի առջև։
Հարցին, որպես «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը քննող դատավոր, երբ լսում է Փաշինյանի հայտարարությունները, թե Սամվել Կարապետյանը պետք է նստի, արդյոք չի՞ ճնշվում այդ հայտարարություններից, Դոլմազյանն այսպես արձագանքեց. «Երկրի ղեկավարը տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ կարող է տարբեր քաղաքական հայտարարություններ անել։ Դա հրահանգավորում չէ»։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի երեք անդամի ընտրությունն է։
Հիշեցնենք նաև, որ հանձնաժողովը նախկինում կազմված էր վեց դատավոր և երկու ոչ դատավոր անդամից, սակայն քաղաքացիական հասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացվել է երեքով՝ կազմը դարձնելով վեց դատավոր և հինգ ոչ դատավոր անդամ։
Թափուր երեք տեղի համար առաջադրվել է յոթ թեկնածու՝ դատավոր Արմինե Թումասյանը, Վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը և Արտակ Մկրտչյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: