Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղում այրվում է չոր խոտածածկ տարածք և կրակը մոտենում է տանը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։


Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտ 3-րդ դասակի՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Բադալյանը և Էդգար Սիրեկանյանը։


Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսյան գյուղի Սարգիս Սարգսյան փողոցի 10-րդ տանը։ Այրվել է բակի խոտածածկ տարածքը, բակում գտնվող փայտե արկղերը և մոխրակույտի է վերածվել բակում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են տան և ավտոմեքենայի սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ եթե հրշեջ փրկարարները օպերատիվ չգործեին, ապա բնակելի տունը նույնպես մոխրի կվերածվեր։

Leave a comment